Ֆրանսահայ երգիչ-երգահան Մարթեն Յորգանցն այն սփյուռքահայ արվեստագետներից է, որ թեև երկար տարիներ բնակվում է Ֆրանսիայում ու Կանադայում, մշտապես ակտիվորեն հետևում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին:
Պատերազմական ու հետպատերազմական Հայաստանը նույնպես ֆրանսաբնակ արվեստագետի ուշադրության կենտրոնում է: Նրա կարծիքով՝ Հայաստանում այս պահին իշխանափոխության կարիք չկա, քանի որ առանց այն էլ թուլացած երկիրն ավելի կթուլանա։ Յորգանցը վստահում է գործող վարչապետին, համոզված է, որ Հայաստանի ժողովրդի մեծ մասը նույնպես շարունակում է աջակցել նրան:
– Պարոն Յորգանց, եւ այսպես՝ մենք շուրջ 44-օրյա ահեղ պատերազմից գրեթե մեկ ամիս անց առիթ ունենք Ձեզ հետ զրուցելու: Դուք այն սփյուռքահայ արվեստագետներից եք, որը պատերազմի օրերին ակտիվորեն հետևում էր հայրենիքում կատարվողին: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի այսպիսի հանգուցալուծումը:
– Ձեզ ճիշտը ըսեմ. ես, իհարկե, սփյուռքահայ ըլլալով, հեռվից չպիտի կըրնամ իմ կարծիքս ճիշտորեն բացատրել, որովհետև մենք հեռու ենք ու ուրիշ տեսակ կտեսնենք ամեն ինչ, և դուք Հայաստանի մեջ ուրիշ տեսակ կտեսնեք: Բայց իմ կարծիքս այն է, որ, իհարկե, Հայաստանը պետքը չէր պատերազմի մեջ մտնալ: Հայաստանը այդ ուժը չուներ, որ պատերազմ ըներ, և այս արդյունքը շատ զարմանալի բան մը չէ: Իմ կարծիքովս՝ այս ամենը կըրնային 5 տարի առաջ, 10-ը տարի առաջ սեղանի շուրջ նստելով ավելի թեթևորեն վերջացնել:
Կարդացեք նաև
Իհարկե, Հայաստանը ստիպողական քանի հողեր մը պետք է տար, բայց այսչափ մեռյալ, վիրավոր չպիտի ըլլային: Հայաստանին համար և սփյուռքին համար այդքան մեռյալը շատ մեծ կորուստ էր: Այո, իմ կարծիքովս, Հայաստանի ամենամեծ սխալը եղավ, որ Հայաստանը և Ղարաբաղը չուզեցին ոչ մի հող տալ իրենց:
– Նշեցիք, որ հետևում եք հետպատերազմյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Արդյոք արդարացվա՞ծ եք համարում այն գործողությունները, որ անում են այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք փողոցում են: Եվ ինչպես վերջերս պարզ դարձավ, նրանք առաջադրել են Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ առումով:
– Անշուշտ հետևում եմ: Ես Վազգեն Մանուկյանին չեմ գիտեր՝ ով է: Դուք ավելի լավ գիտեք, իհարկե, ով է, ինչ է: Բայց ես հիմա նման վիճակով չեմ կարծե, որ Կառավարությունը պետք է փոխվի: Այս պահուն շատ սխալ է Կառավարություն փոխվիլը, որովհետև հիմա Կառավարությունը եթե փոխվի, Հայաստանը ավելի պիտի տկարանա: Այս պահուն Կառավարությունը ավելի լավ գիտե՝ ինչ եղավ, ինչ պիտի ըլլա, և անոնք պիտի շարունակեն մնալ մինչև այն օրը, որ Հայաստանը մի քիչ շտկվի: Հետո կըրնա Հայաստանը որոշել՝ ինչ պիտի ըլլա՝ Կառավարությունը պիտի փոխեն, թե ոչ:
Ես վստահում եմ մեր վարչապետին: Վարչապետը շատ բարի մարդ է: Բայց դեռևս գործերը կարգադրելու համար դժվար է իր համար: Այս բաներու մեջ բարի մարդը այն չէ, պետք է խիստ ըլլա և ավելի խիստ որոշումներ կայացնի: Ես վստահ եմ, որ Հայաստանին ժողովուրդին մեծ մասը Փաշինյանին հետ Է:
Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում