Առանձնացնենք այն հիմնական դիտարկումները, որոնցով իշխանությունը փորձում է վարչապետի պաշտոնավարումն արդարացնել։
1.Վազգեն Մանուկյանը «հին» ուժերի թեկնածու է։ Նրանց տրամաբանությամբ, նախկին իշխանությունները կամ նրանց հետ առնչված մարդիկ ոչ միայն չպետք է քննադատեն, այլև որևէ թեկնածու առաջադրելու հնարավորություն չպետք է ունենան։ Գուցե այս իշխանությունը հստակ սահմանագծի՞, թե որտեղ է վերջանում «հինը» և սկսվում «նորը», Հայաստանի խղճուկ քաղաքական դաշտում այդ ի՞նչ քաղաքական դերակատարներ կան, որ ոչ մի առնչություն չունեն հների և փաշինյանական թևի հետ։ Այս թեզի ջատագովներն անգամ չեն էլ պատկերացնում, թե իրենց «նորի» մեջ որքան ժամկետանց, քաղաքականապես վարկաբեկված, անգամ «հրեշ» մականուն ունեցող մարդիկ կան։
2.Պատերազմի հետևանքների համար պատասխանատու են նախկիններն իրենց թողած դիվանագիտական ժառանգությամբ, չլիներ դա, այսպիսի խայտառակ և անխուսափելի պարտություն չէր լինի։ Սա ակտիվ շրջանառվող թեզ է։ Նախկինների դիվանագիտությունն ամենևին չարդարացնելով, պիտի հասկանալ, որ ցանկացած դիվանագիտության գնահատականը երևում է արդյունքներով։ Թե ինչ պայմանավորվածություններ, ինչ հայտարարություններ են եղել՝ ժողովրդին հետաքրքիր չէ, որովհետև եղել է հստակ արդյունք, նախորդ տարիներին ոչ մեկը հայրենիք չի հանձնել, ապրել ու շենացել է Արցախը։ Ավելին, նախկինները ոչ մի փաստաթուղթ չեն թողել հաջորդին, որով նա պարտադրված էր հանձնելու հողերը։ Նման պաշտոնական փաստաթուղթ չկա, իսկ բանավոր ինչ են խոսել, պայմանավորվել, դա արդեն երկրորդական է։
3.Ամենաաբսուրդային ու անհեթեթ թեզը. նախորդները գիտեին, որ պետք է Արցախը հանձնել, դրա համար այս իշխանություններին հենց սկզբից անվանում էին «հող հանձնող»։ Նախ՝ Հայաստանի քաղաքական դաշտում դժվար է հիշել մի շրջան, երբ քաղաքական ուժերը միմյանց չեն մեղադրել հող հանձնելու մեջ։ Բայց սա դեռ մի կողմ. քիչ թե շատ վերլուծելու կարողություն ունեցող մարդը, համադրելով տարածաշրջանային զարգացումները, աշխարհաքաղաքական իրավիճակը, կարող էր հասկանալ, որ պատերազմն անխուսափելի է, ավելին, փորձագետները վերջին ամիսներին գրեթե ամենօրյա ռեժիմով գուժում էին, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու։ 2,5 տարվա բանակցային գործընթացները (եթե, իհարկե, դրանք կարելի է բանակցություն որակել), Փաշինյանի հայտարարությունները լավատեսության հիմք չէին տալիս։ Նախ՝ Փաշինյանը երբեք չի ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, «Արցախի իշխանություն» ասելու փոխարեն նա օգտագործում էր՝ «Արցախի ընտրված ներկայացուցիչներ»։ Հիշենք նաև հայտնի թեզը, որ հակամարտության լուծումը պիտի ձեռնտու լինի նաև Ադրբեջանի ժողովրդին։ Անվերջ կարելի է թվել այս կարգի հայտարարությունները, որոնց հետևող մարդն անմիջապես կհասկանար, թե ուր է տանում այս քաղաքականությունը։ Իսկ հետո պիտի ասվեր՝ «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու»։
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում