Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդեռլանդների Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքի վարչությունը կոչ է անում Սփյուռքին՝ չսատարել ներկա պահին Հայաստանում 18 քաղաքական ուժերի կողմից տեղի ունեցող ընդվզումներին

Դեկտեմբեր 08,2020 00:15

Ներքին միասնականությունն ու անքակտելիությունն առավել քան արդիական ու հրատապ է դառնում

Պանթուրքիզմի գաղափարախոսության հիմնաքարերից մեկն է հանդիսանում «Սպիտակ եղեռն» իրականացնելու երկարաժամկետ ծրագիրը, որը մենք էլ ավելի ենք մոտեցնում ներքին խռովությունների և պառակտումների արդյունքում

Մաստրիխտի Անի հայ համայնքի վարչության Կոչը եվրոպական հայակառույց բոլոր մարմիններին

Հարգելի հայրենակիցներ, բոլորիս համար այս տագնապալից օրերին, երբ թուրք-ադրբեջանական ռազմական լայնամասշտաբ գործողությունների արդյունքում կորցրեցինք Արցախի տարածքների կեսից ավելին, երբ Եռաբլուրում տակավին թարմ են մեր քաջորդիների արյան հետքերը և երբ դեռ գերության մեջ են գտնվում մեր հարյուրավոր զինվոր-տղաներ, ներքին միասնականությունն ու անքակտելիությունն առավել քան արդիական ու հրատապ է դառնում:

Պանթուրքիզմի գաղափարախոսության հիմնաքարերից մեկն է հանդիսանում «Սպիտակ եղեռն» իրականացնելու երկարաժամկետ ծրագիրը, որը մենք էլ ավելի ենք մոտեցնում ներքին խռովությունների և պառակտումների արդյունքում:

Անհերքելի է, որ հիասթափությունների և խաբված լինելու ալիքն այնքան մեծ է, որ ենթակա է ամեն վայրկան լայնամասշտաբ պոռթկալու,որի արդյունքում այսպես ,թե այնպես անասելի ուժգնության ցնցումներ կլինեն Մայր հայրենիքում իրենց անդառնալի հետևանքներով։

Հիմա հիրավի ժամանակը չէ մեղավորներ և չարագործներ փնտրելու, երբ բոլորիս համար էլ պարզ է ու հասկանալի, որ այս պատերազմում ցավոք պարտվել ենք բոլորս, բայց պարտությունից առավել դառն ու անբուժելի են այն մարդկային ու հոգևոր կորուստները, որ կրել ենք ազգովի։ Կգա ժամանակ , երբ միանշանակ նախորդները, թե ներկաները պատասխան են տալու այն ամեն մի ճակատագրական սխալի ու ներքին դավաճանության համար, որ մեր ամբողջ ազգին, աշխարհասփուռ հայությանը հասցրեց այս օրհասական վիճակին։

Բայց ևս մեկ անգամ ուզում ենք նշել, որ առանց այն էլ թաց և արյունոտ վերքերին, որոնք տակավին թարմ են և դեռ չեն սպիացել (ցավոք երբևէ չեն էլ սպիանա), նոր վերքեր ու նոր ցավ ավելացնելն ուղղակի անթույլատրելի է: Իսկ ներկա օրերին Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակը կարող է առանց այն էլ անդունդի եզրին կանգնած մեր երկիրը շատ արագ այնտեղ նետել՝ ի ուրախություն թուրք-ադրբեջանական ոխերիմ պետությունների:

Այդ իսկ պատճառով Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքը և «Սուրբ Կարապետ» եկեղեցին կոչ է անում արտերկրի, մասնավորապես Եվրոպայի բոլոր հայկական կառույցներին, համայքներին, հասարակական կազմակերպություններին, եկեղեցական վարչություններին զերծ մնալ քաղաքական որևէ ընդվզումներին ներգրավվելուց, այլ հանդես գալ միասնական կոչերով և պաշտոնական գրավոր կամ բանավոր հայտարարություններով առ այն, որ Սփյուռքը չի սատարում ներկա պահին Հայաստանում 18 քաղաքական ուժերի կողմից տեղի ունեցող ընդվզումներին և քաղաքական անհնազանդություններին, քանի որ առանց այն էլ օրհասական այս պահին ներքին քաղաքական լարված վիճակն ու մեր ազգի մեջ պառակտումը կարող է հանգեցնել մի քաոսի, որն էլ կարող է պատճառ դառնալ մեր երկիրը դեպի անդունդ գահավիժման։ Ուստի խնդրում ենք եվրոպական հայակառույց բոլոր մարմիններին միանալ մեր կոչին:

Հարգանքներով՝ Մաստրիխտի «Անի» հայ համայնքի վարչություն
Ատենապետ՝ Լևոն Սարկիս

«Նիդերլանդական օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031