Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն մարզպետ, դուք ջոկատներ կազմեցիք Շուշին փրկելու համար, գույնը դուրդ չեկա՞վ, Շուշին դժգո՞ւյն էր, դրա համար հետ փախա՞ք». Ուրցաձորի գյուղապետ

Դեկտեմբեր 08,2020 00:30

Արարարտի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի դիտարկմամբ՝ մարզպետ Գարիկ Սարգսյանն ու իր նմանները երկիրը քանդելու համար են, պատերազմն էլ կազմակերպել են վերից վար պարտվողական:

«Նիկոլ կոչեցյալը ծախել է մեր երկիրը, ու ամեն անգամ իր ամեն ելույթն ու ամեն բառը ազդակ է եղել թուրքերին, թե եկեք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ Արարատի մարզպետի հայտարարությանը, թե Արարատի շրջանի Արմաշ, Սուրենավան, գ. Արարատ, ք. Արարատ, Ավշար, Նոյակերտ, Եղեգնավան, Սիսավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Վանաշեն, ք. Վեդի, Ուրցաձոր համայնքների «համայնքապետերը» չեն ձևավորել կամավորական ջոկատներ և այդ ջոկատներով չեն մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին, ու չեն կարող իրենց իրավունք վերապահել այդ համայնքների բնակիչների անունից աջակցություն հայտնել Ազատության հրապարակում հավաքվածներին, քանի որ այս «համայնքապետերը» հանդիսանում են «տեղական օլիգարխի գրպանից կախված անձնավորություններ» եւ այդ «համայնքապետերի» գրեթե կեսի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր, մի քանիսն էլ արդեն գտնվում են դատարաններում։ Ըստ մարզպետի՝ ամենևին զարմանալի չէ վերջին օրերի նրանց պահվածքը, քանի որ այս մարդիկ հույսով են լցվել, որ կարող են երկիրը ցնցումների տանելու ճանապարհով վերջապես «փրկել իրենց կաշիները»։

«Ես շատ եմ լսում, որ իշխանությունները՝ իրենց խոսքով, նախկիններ ասածը, մեղավոր են. այո՛, մեղավոր են, որ նրա նմանին թույլ են տվել մոտ երեք տասնամյակ թիվ մեկ ամբիոնից վարկաբեկել հային, գործարարին, նախագահին, նախարարներին, կուսակցություններին եւ այլն, բոլորի մեղքը կա այդտեղ, վարկաբեկում են հային, բայց թուրքին սարքում են կիրթ եւ գրագետ: Ինչ վերաբերում է մարզպետ կոչվածին, նա փորձեց ապակայունացնել իրենց իսկ գործելաոճով, ներթափանցել ՏԻՄ: Այդ ժամանակահատվածում ես հրաժարական եմ տվել ու նորից վերընտրվել որպես համայնքի ղեկավար: Դուք որ ասում եք մարզպետ, եթե նա խոսում է գրագիտության եւ այլ բաների մասին, նախ թող ինքը հեկտարի, խորանարդ մետրի, կենդանիների մասին կարդար, սովորեր, նոր գար մարզպետ: Ես հանդիպումների ժամանակ էլ եմ ասել՝ տղա ջան, դու, որ նույնիսկ որպես համայնքի ղեկավար չես կայացել, դու ի՞նչ մարզպետ, ու ինքն իր գրածով նորից ապացուցում է, որ ինքը մարզպետ չէ, ինչո՞ւ, որովհետեւ զորահավաքը պարտավոր էր մարզում հենց ինքը կազմակերպեր: Ի՞նչ եք կարծում, զորահավաքը ջոկատներո՞վ է լինում, մենք պետություն ունենք: Երկրորդ հարցը՝ պարոն մարզպետ, դուք ջոկատներ կազմեցիք Շուշին փրկելու համար, գույնը դուրդ չեկա՞վ, Շուշին դժգո՞ւյն էր, դրա համար հետ փախա՞ք: Վտանգելով իր հետ գնացած մարդկանց՝ նա թողել, փախել է»:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին միացած Ռաֆիկ Անդրեասյանը պնդում է, որ Փաշինյանն իր վարչակազմով պետք է հեռանա. «Պետք է գնա, ես չեմ կարողանում նայել զոհված երեխեքի ծնողների աչքերին: Դուք մտածում եք՝ միայն այդ զինվորնե՞րն են զոհվել, նայեք նրանց ծնողների ու հարազատների աչքերին, նրանց մեջ կյանք կա՞, նրանք ընդամենը ֆիզիկական գոյությունն են ապահովում: Մեր գյուղում երկու զոհ կա, մեկ անհետ կորած, վեց վիրավոր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031