Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմական տեղեկատվության ճիշտն ու սուտը. ի՞նչ էր տեղեկացնում Նիկոլ Փաշինյանը-3

Դեկտեմբեր 07,2020 23:59

Նոյեմբերի 27-ին, դիմելով ՀՀ եւ ԱՀ «հպարտ քաղաքացիներին եւ սփյուռքի հպարտ հայությանը», իր բնութագրմամբ`այս դժվար օրերին ազգային «հպարտությունը եւ ազգային արժանապատվությունը պահպանելու» նպատակով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմի ողջ ընթացքում ժողովրդին ասվել է ճշմարտությունը եւ ասվել է պատերազմին հատուկ կանոններով. «…պաշտոնական մարմինների կողմից մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Հադրութի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Մարտունիի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Շուշիի եւ Քարինտակի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ փակ է Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհը, մի՞թե չի ասվել Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր ձեւավորելու մասին: Ի՞նչ էր նշանակում այդ ամենը: Կամ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր այդ ամենը՝ աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ: Այո՝ ասվել է նաեւ մեր բանակի ու զինվորների, սպաների ու գեներալների հերոսությունների մասին: Իսկ մի՞թե դա սուտ է:

Պատերազմական գործողությունները ընթացել են Սոթքից մինչեւ Հորադիզ: Հույս ունեմ՝ պատկերացնում եմ այդ ողջ ծրագիրը: Սոթքից մինչեւ Հաթերք հատվածում՝ չնայած պատերազմի առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց հընթացս այդ դիրքերը ետ են վերցվել, եւ մինչեւ պատերազմի վերջին օրը այդ հատվածում առաջնագիծը լիարժեք կանգուն էր: Եղնիկների հատվածում մինչեւ պատերազմի վերջին օրը հակառակորդը, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել: 6-րդ պաշտպանական շրջանում՝ չնայած Թալիշի կորստին, մինչեւ վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են: 5-րդ, 4-րդ, 3-րդ պաշտպանական շրջանները մինչեւ վերջին օրը, ըստ էության, պահել են առաջնագիծը: 2-րդ պաշտպանական շրջանը մինչեւ վերջ պահել է առաջնագիծը եւ վերախմբավորվել է հրամանով՝ ռազմական իրադրությունից ելնելով: Նույնը կարելի է ասել 1-ին պաշտպանական շրջանի մասին: Բա էնտեղ այս իրավիճակը պահած զինվորները, սպաները, գեներալները ի՞նչ են, եթե ոչ հերոսներ, բա նրանց արածն ի՞նչ է, եթե ոչ հաղթական, կանգուն իրավիճակ»:

Պատերազմի ընթացքում ասված ճշտի եւ ստի մասին հրապարակային բանավեճին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԳՇ նախկին պետ, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանի`ասուլիսում արած այն պնդումից հետո, որ պատերազմի ժամանակ սուտը պետք է լինի իրականության 30 տոկոսը, սակայն, մեզ մոտ գերազանցել է 100 տոկոսը : Իսկ թե ի՞նչ է ներկայացվել պատերազմի օրերին հանրությանը`Aravot.am-ն անդրադարձել է՝ ներկայացնելով պատերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանրությանը փոխանցված տեղեկատվությունը: Մեր երկրորդ հրապարակումը վերաբերվում էր հոկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածին:

Իսկ թե նոյեմբերի 1-10-ն ընկած հատվածում ի՞նչ է ներկայացվել Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջով՝ ստորեւ.

Նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է վարձու ահաբեկիչների մասին տեղեկատվություններ:

Նոյեմբերի 2-ին փոխանցում է. «Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն եւ նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները եւ դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք:

Վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգությանը եւ այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»:

Նոյեմբերի 3-ին իսրայելական «Երուսաղեմ փոստին» տված սկանդալային հարցազրույցն է՝ Իսրայելին ուղղված մեղադրանքներով:

Նաեւ, այդ օրը Նիկոլ Փաշինյանին ակնհայտ է. «Սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։

Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։

Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։

Քեզ հետ ենք Վիեննա»։

Նոյեմբերի 4-ին կրկին վարձկանների մասին հաղորդագրություն է:

Այնուհետեւ մինչեւ ամսի 9-ը Նիկոլ Փաշինյանը լռում է, ամսի 9-ին 19.12-ին տեղեկացնում է՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են:

Նոյեմբերի 10 01.48- Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ իր եւ բոլորիս համար չափազանց ծանր որոշում է կայացնում եւ ստորագրում է կապիտուլյացիայի ակտը:

Ամփոփում

Նիկոլ Փաշինյանի փոխանցած տեղեկատվության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռազմաճակատում զարգացումների իրական պատկերը ներկայացվել է շատ հակասական ձեւով՝ համեմված հանրության տարբեր շերտերին ուղղված մեղադրանքներով, առավելապես, նախկին իշխանություններից ստացած իբր վատ ժառանգության մասին բացատրություններով: Նիկոլ Փաշինյանը խոսել է, որ մեզ պարտադրում են կապիտուլյացիայի ակտ ստորագրել, իսկ թե ինչո՞ւ են ստիպում, այդպես էլ չէր հստակեցրել:

Տեղեկատվական զարգացումների գագաթնակետն, այսպես ասած, հոկտեմբերի 19-նն է: Այդ օրը Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ փորձում է բացատրել՝ ինչի՞ համար էր պատերազմը, կարո՞ղ էինք խուսափել դրանից եւ ո՞ր դեպքում: Արդեն ավելի ուշ պետք է ՌԴ նախագահից իմանայիք, որ դեռ այդ ժամանակ հնարավոր էր Շուշին (եւ ոչ միայն Շուշին) հայկական վերահսկողության տակ պահել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է այդ առաջարկից: Այդ փաստը նույնիսկ Պուտինին էր զարմացրել:

Այնուհետեւ հոկտեմբերի 21-ի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն արդեն խոսեց  այն մասին, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի ու բացատրեց. «Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացինն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան պետք է իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, եւ դա իրականություն է, որ այն ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլեւս անընդունելի է Ադրբեջանի համար: Այսինքն` իրենց ողջ դիվանագիտական մարտավարությունն ու ռազմավարությունը եղել է դա: Այն ինչի հետ մենք համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Սա ցույց է տալիս, որ ընդհանրապես, որեւէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում»:

Իսկ հաջորդ օրն ասաց, որ իր խոսքը սխալ է ընկալվել:

Հոկտեմբերի 26-ին, երբ հրապարակվեց մարտի դաշտում մեր անհաջողությունները մասամբ ներկայացնող քարտեզը, պարզվեց, որ անհաջողությունների պատճառն այն է, որ Հայաստանում եւ Արցախում մարդիկ բավարար չափի թասիբ չունեն, ինչպես սփյուռքում:

Դեռ երկար կարելի է շարունակել: Բայց այս փաստերի համադրությունը ցույց է տալիս, որ ռազմի դաշտից հստակ տեղեկատվություն հանրությանն այդպես էլ չմատուցվեց: Մատուցված սակավ տեղեկատվությունն էլ կորսվեց «հաղթելու ենք» հեշթեգի եւ «գյոռբագյոռ» օպերացիայի ստվերում: Իսկ պատերազմում պարտված իշխանությունը հաղթանակ ապահովելուն ուղղված քաղաքական-դիվանագիտական-ռազմական հրապարակային եւ գաղտնի քայլերի փոխարեն զբաղված էր հարցազրույցներ տալով, նախկիններին քննադատելով, սոցկայքերում հոխորտալով: Ցավալի է, եթե չասենք ողբերգական, որ պարտված իշխանությունը չի էլ փորձում ընդունել սեփական մեղքն ու հեռանալ, շարունակում է հարցազրույցներ տալ, նախկիններին քննադատել, սոցկայքերում հոխորտալ:  Իսկ, ադրբեջանա-թուրքական միությունն արդեն Սյունիքն իրենով անելու ուղղությամբ է աշխատում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031