Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես իմ կողքին ո՛չ քայլող մարզպետ եմ տեսնում, ո՛չ երկրի իշխանություն»․ Ազատանի համայնքապետը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին

Դեկտեմբեր 07,2020 21:55

ՀՀ Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հայտարարության մեջ նշված է․

«ՀՀ Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի գլխավորությամբ, պահանջում է վարչապետի հրաժարականը, ուղերձով դիմում է ՀՀ բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին՝ հանդես գալ նման պահանջով և ակտիվորեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի գործընթացին»։

Aravot.am-ի հետ զրույցում Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը պարզաբանեց, որ հրաժարական պահանջելու մի քանի հիմնավոր պատճառներ կան, որոնցից գլխավորը ստեղծված խայտառակ իրավիճակն է․ կուտակված բազում հարցերի լուծում չստանալը, կեղծ ժողովրդավարություն քարոզելը, երկիրն անփորձ, անգործունյա կադրերով համալրելը ու ՏԻՄ մարմիններին անտեսելն է։

Նա նշեց, որ առանց համայնքի բնակչության կարծիքը հաշվի առնելու համայնքներ են խոշորացնում՝ անտեսելով իրենց իսկ ընդունած օրենքը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ համայնքապետի թեկնածու է փնտրում։ Վարդան Իկիլիկյանը վիրավորված է, որ ՏԻՄ-ի տոնը երկրի ղեկավարներից ոչ մեկը չի շնորհավորել, ինչը նշանակում է՝ տեղական ինքնակառավարման մարմինները ոչ մեկին պետք չեն։

Նա տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունը տարածվել է իր աշխատակազմի անունից։

«Մենք հայտարարություն ենք տարածել Ազատանի համայնքապետարանի անձնակազմի անունից։ Ես ավագանու անդամների հետ չեմ քննարկել՝ չնայած 99 տոկոսը համակարծիք են, բայց ես չեմ ուզել այս հարցը քաղաքականացնել, սա իմ ու իմ աշխատակազմի կարծիքն է»,-ասաց համայնքապետը։

Վարդան Իկիլիկյանը նաև նշեց, որ ինքը չի սիրում երկրի ղեկավարի անձի հասցեին որևէ բան ասել, միշտ խուսափել է դրանից, որովհետև ղեկավարը երկրի խորհրդանիշ է, ինչպես դրոշը, զինանշանը։

«Ես ինքս չեմ սիրում երկրի ղեկավարի անձի հասցեին բան ասել, որովհետև նույնն է մեր դրոշը, մեր զինանշանը, մեր ղեկավարը, ղեկավարը երկրի սիմվոլն է։ Մենք անձին բան չենք ասում, պարզապես գիտենալով հանդերձ, որ ճանապարհ չանցած, չհղկված կադրերով ուզում են քաղաքականություն տանել ու ասենք նախարարը առաջին անգամ աշխատանքի է նշանակվում ու աշխատանքային գրքույկի առաջին հրամանը լինում է նախարար, դա աբսուրդ է։

Ես իմ աշխատանքն եմ անում, իսկ թե ղեկավարի անունը Նիկոլ է, Գոգոլ է, թե Սերժ, դա նշանակություն չունի, կարևորը մեր համակարգը զարգանա, երկիրն առաջ գնա, մեր ժողովուրդը լավ ապրի, սա է մեր նպատակը»։

Մեր զրուցակիցը նշեց, որ իր կողքին ո՛չ մարզպետ է տեսնում, ո՛չ իշխանություն։

«Ես իմ կողքին ո՛չ քայլող մարզպետ եմ տեսնում, ո՛չ երկրի իշխանություն, իրենց այս մասին պարզ ասում եմ։ Այնպես չէ, որ ես այսօր փառաբանում եմ հնին կամ նրանց եմ ուզում, հնին էլ չեմ ուզում։ Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, չեմ հրաժարվել այս կուսակցությունից, բայց չեմ էլ փառաբանում, որովհետև կուսակցությունն իր արատավոր քայլերով փորձեց մեզ հեղինակազրկել։

Ես՝ որպես համայնքի ղեկավար, արատավոր ոչ մի քայլ չեմ արել, արատավոր սերունդ չունեմ, իմ տղաները նորմալ մարդիկ են, թույլ չեմ տվել համայնքում վատ բան անեն, իմ անունը երբեք չեն օգտագործել։ Ես ասել եմ՝ այդ կուսակցությունից թող մաքրվեն այն մարդիկ, որոնք արատավորել են կուսակցության անունը։ Ի դեպ, ինձ շատերը զանգում, հարցնում են՝ չե՞ս պատրաստվում գալ մեր կուսակցություն, ասում եմ՝ ոչ, այդ կուսակցությունը ո՛չ իմ արյունն է, ո՛չ իմ կրոնը, այն Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի կուսակցությունն է, որոնց նկատմամբ ժողովուրդը հատուկ վերաբերմունք ուներ։ Բոլորին նույն չափորոշիչով չի կարելի չափել, ասել, գիտես՝ սա Հանրապետական է, սրիկա է, այ այդպիսի բաներից ենք վիրավորված այսօր։

Այսօրվա կադրերի մեծ մասը բացարձակապես անգրագիտության խորհրդանիշ են։ Շիրակի մարզպետն էլ լուրջ հարաբերություններ չի պահում այլ կուսակցականների հետ։ Մյուս մարզպետների մոտ որ մտնում էինք, անմիջապես մեր դիմած հարցով զանգում էին նախարարներին, նախագահին, հարցին լուծում էին տալիս։ Այսօր ասում են՝ գրություն ենք ուղարկում, բայց չկա այդ հարցի լուծումը։ Հասկանում ենք, որ մեր ամեն առաջ քաշած հարց չի կարող լուծում ստանալ, բայց կարելի է ավելի գործնական, ավելի լուրջ մոտեցումներով աշխատել մարդկանց հետ»,- ասաց համայնքապետը։

Նա նշեց, որ ամենաշատը ինքը չէր ուզի իշխանափոխություն երկրում, որովհետև դա բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա։

«Ամենաշատը ես չէի ուզի, որ այսքան արագ՝ 2-3 տարին մեկ փոփոխություն լիներ, որովհետև ցանկացած փոփոխություն տնտեսական լուրջ անկում է ստեղծում։ Չգիտենք՝ ո՞վ պիտի գա կամ ժամանակավոր կառավարությունը, որի մասին խոսվում է, չենք ասում ՝ սրբազան մարդիկ են ու այսօր մեր փրկությունը ենթադրենք այդ մարդկանց մեջ է, թեև չեմ ուզում ժամանակից առաջ անցնել, ժամանակի գնահատականը պատմությունն է տալիս։

Մենք էլ մեր ժողովրդի հետ ընտրություն էինք կատարել, որպեսզի գնանք ժողովրդավարության ճանապարհով, բայց իրականում ինչի՞ հասանք, ո՞ւր գնացինք․․․

Ես չեմ ասում, թե ուրիշ ղեկավար լիներ, կհաղթեինք պատերազմը կամ կարողություններ ունեինք, չօգտագործեցինք, չէ, ես նման բան չեմ ասում։ Մեր երեխեքը իրոք ուժեղ զենքի դեմ են կռվել, բայց որ դիվանագիտական հարաբերություններ չեն եղել, մտածելակերպ չի եղել, ժողովրդական խոսք կա կա՝ կռվից չորով փախնելն է տղամարդկություն է, եթե զգում ես՝ ուժդ չի հաղթում, պիտի փախնես, որ կյանքդ փրկես, ընտանիքդ փրկես, ընկերներիդ կյանքը փրկես։ Մինչև վերջին օր ասել են՝ մենք հաղթում ենք, հաղթում ենք, հաղթում ենք, գնալ, մտնել դրա տակ․․․»,-ասաց Ազատանի համայնքապետը։

Նա վարչապետի հրաժարականը պահանջելու հիմնավորումներից մեկն էլ համարեց ՏԻՄ-ին անտեսելը։

«Անցած տարվա տեղական ինքնակառավարման մարմինների տոնը, որը հոկտեմբերի 10-ին է, ոչ մեկը չհիշեց․ ամեն տարի, եթե նախագահը չհասցներ, ապա պարտադիր վարչապետը, բոլոր նախարարները, տարածքային կառավարման նախարարությունն իր ամբողջ կազմով գալիս էին, ողջունում էին, շնորհավորում էին։ Մեզ հո բացարձակապես նվերը չի հետաքրքրում, բայց բանի տեղ էին դնում մեզ։Անցած տարի ոչ մեկը չի շնորհավորել, միայն տարածքային կառավարման նախարարության վարչության պետերից մեկը՝ Աշոտ Գիլոյանը հիշեց։

Այսինքն՝ մենք այս երկրին պետք չենք, այդպես հասկացանք, կարևոր կառույց չենք։ 1996 թվականից ի վեր, ինչպես որ տեղական ինքնակառավարումը ձևավորվել էր, ամեն տարի համայնքների միությունը կազմակերպում էր միջոցառում ու մեզ ողջունողները, շնորհավորողները, «լավագույն համայնք», «սպորտային լավագույն համայնք», «մշակութային համայնք» մրցանակաբաշխություն էին անցկացնում, բայց հիմա մեզ ճանաչողներ չեղան», -ասաց Վարդան Իկիլիկյանը։

Նա նաև դժգոհեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանից, որն առանց համայնքի բնակիչների կարծիքը իմանալու, արդեն թեկնածուներ է ման գալիս Ազատանի համայնքապետի պաշտոնի համար։

«Եթե ժողովրդի իշխանություն է, մենք գնում ենք ժողովրդավարություն, թույլ տվեք ժողովուրդը կողմնորոշվի, որոշի։ Կոնկրետ իմ զբաղեցրած պաշտոնի համար թեկնածու է փնտրում։ Տարածքային ինքնակառավարման նախարարությունում արտահայտվում է, որ մենք Ազատանում նոր թեկնածու ունենք, բնականաբար, բացի նախարարից, վարչության պետերը, պատգամավորները ճանաչում են ինձ, հարցրել են՝ ի՞նչ ես խոսում, այդ տարածաշրջանում ուժեղ համայնքապետերից մեկն այդ մարդն է։Ասել են՝ այլ բան է, եթե քաղաքական հարց է ու դուք ձեր քայլողներին են ուզում, բայց Ազատանի համայնքի ղեկավարը կայացած ղեկավար է։ Իբրև մարզպետն իր տեղն ամրացրել է, հիմա էլ մեր տեղը մարդ է ման գալիս։

Իհարկե, այնպես չէ, որ սա մարզպետի որոշելու հարցն է, ժողովրդի իշխանությունն է, պարզապես կեղծ ժողովրդավարության կրող են, պետք չէ անել այնպիսի քայլեր, որոնք ժողովրդավարությանը դեմ են։ Ես բոլոր մարզպետների հետ աշխատել եմ, ընդհուպ մինչ վարչապետերը, երկրի նախագահները ինձ որպես Ազատան համայնքի ղեկավար անձամբ ճանաչել եմ, բայց ես ոչ մի ընտրություններում ոչ մի մարզպետի չեմ ասել՝ գիտես, իմ մասին մի երկու լավ բառ արտահայտվի, քարոզարշավ արա իմ համար։

Համայնքի ղեկավարը պիտի աշխատի, որ մարզպետի ճակատը բաց լինի, մենք պիտի ցուցանիշ ապահովեք, մինչդեռ իրենց գործառույթը չեն անում այսօր ու մի բան էլ վատ են զգում, որ հայտարարություն ենք ստորագրել։ Իրենք մեզ չեն տեսնում, մենք էլ իրենց», ասաց Վարդան Իկիլիկյանը։

Հ․Գ․ Մենք պարզաբանումներ կստանանք նաև Շիրակի մարզպետից, սակայն նշենք, որ Վարդան Իկիլիկյանն ամենահամարձակ ու հայրենասեր համայնքապետերից է։ Նա ամեն հարցի շուրջ անվախ բարձրաձայնում է իր կարծիքը։

Նա այն համայնքապետն է, որը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ փոխվարչապետ Արմեն Գևորգյանից բացատրություն պահանջեց բանակին նորմալ կարտոֆիլի փոխարեն անասնակեր մատուցելու համար։ Այս օրերին էլ համայնքապետը միջոց չէր խնայում ռազմաճակատ օգնություն հասցնելու, ավելին, Հայաստանի տարբեր մարզեր տեղափոխված արցախցի ընտանիքներին գյուղմթերքով օգնելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031