Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմը որ սկսվեց, սնարյադը խփեց, էրեխեքով տանը մենակ էինք, մաման պոստերում էր». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2020 21:25

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական վերահսկողության տակ անցած Մարտունի քաղաքի հարեւանությամբ մի թուրքական գյուղ կար, այն հետո դարձել էր Մարտունու թաղամասերից մեկը, անունն էլ մերոնք Քաջավան էին դրել։

Այստեղ է արցախցի Սյուզիի մանկությունն անցել։ Պատմում է, որ այդ տարածքում 2015 թվականին մերոնք խրամատներ էին փորում, վրաններ էին գցել, բայց հենց աշխատանքներն ավարտում էին ու գնում զորամաս, Մարտունու մի քանի փոքրիկներ այդ խրամատներում էին խաղում, փայտից զենքեր էին պատրաստում, լավ սպիտակեցնում, որպեսզի նոր զենքի տպավորություն լիներ ու գեղեցիկ լիներ։

«Էդ զենքերով խաղ ընելիս անք ըլալ, իբր թե մոնք թորքերին նըհետ կռեվ ենք անում։ Իրանց վրաններում էինք խաղ ընելիս ըլնում, ուրյանց ամաննոցով, երկաթե բաժակներով»,-պատմում է Սյուզին։ Իսկ երբ զինվորները վերադառնում էին, երեխաները փախչում էին, որպեսզի զինվորները չբարկանային։ Հաղթո՞ւմ էին այն ժամանակ երեւակայական հակառակորդին, թե՝ ոչ, Սյուզին հարցը լսելիս ծիծաղում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիմա 15-ամյա Սյուզին իր չորս փոքր երեխաների հետ բնակվում է Հայաստանում։ Պատերազմը սկսվելուց օրեր հետո նրանց տեղափոխել են սկզբում Ստեփանակերտ, հետո՝ Հայաստան։

Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան, երբ հակառակորդը սկսել է հրետակոծել Մարտունին, երեխաները տանը մենակ են եղել, մայրն աշխատանքի էր։

Սյուզին սեպտեմբերի 27-ն այնքան պարզ է հիշում ու նկարագրում, անգամ առաջին արկի ընկնելու ժամն է հիշում․«Առավոտ ժամը 7 անց 20 էր, դեռ քնած էինք էրեխեքով։Մաման ժամը 6-ին էր գործի գնացել, զինվորական է։ Առաջինը, որ խփել են, երեք վայրկյանում երեք բան եմ մտածել՝ առաջինը՝ երբ սնարյադն ընկավ, ոնց որ ամպերն են որոտում, մտածեցի՝ խի՞ են էսքան ուժեղ որոտում։ Հետո տան պատուհանները դղրդացին, մտածեցի՝ երկրաշարժ է, բայց ալարեցի վեր կենամ, էրեխեքին ասեմ՝ դուրս գանք։ Հետո մտածել եմ՝ կարող է դիվերսիա է, տան դուռը կողպեմ, ու քնով անցա։ Մի րոպե հետո նորից սնարյադն ընկավ, հանգիստ վեր կացա, սառնարանը բացեցի, մի հատ վաֆլի կերա, ու էրեխեքով հանգիստ նստեցինք։ Հետո որ սկսեցին խփել ոչ մեր տարածքի վրա, մաման զանգեց, ասեց՝ տաք շորեր հագեք ու գնացեք հարեւանի նկուղը։

Գնացինք, բայց նկուղը շատ փոքր էր, որ խփում էին, մեզանից մի քանիսը դուրսն էին մնում։ Մեզ հետո տարան Ստեփանակերտ, ծանոթի տուն, մի գիշեր մնացինք ու բերեցին Երեւան։ Մամաս գործի էր, պոստերում էր, մորքուրիս հետ ենք եկել»։ Երեւանում սկզբում հյուրանոցում են ապաստանել, հետո այլ տեղ են տեղափոխվել։

Պատերազմի առաջին օրերին երեխաները զինծառայող մամայից լուր չունեին, զանգում էին, բայց, ինչպես Սյուզին է ասում, զանգ չէր գնում․«Հետո որ մաման զանգում էր, ամեն խոսելուց հենց ասում էի՝ ալո, մամ, լաց էի լինում, որովհետեւ անընդհատ մամայիս մասին էի մտածում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզին ու եղբայրները երկու ամիս է Հայաստանում են, այս ընթացքում կրթությունից դուրս են մնացել, ասում է՝ առաջին օրերին որոշել էին իրենց հյուրանոցին մոտ դպրոց գնալ, հետո նրանց ասել են՝ կորոնավիրուսի պատճառով չեն կարող ընդունել։ Իսկ երբ պարզվեց, որ պիտի վերադառնան Արցախ, էլ դպրոցի մասին չեն մտածել։ Հիմա ամենից շատ Սյուզին ուզում է Արցախ վերադառնալ, ասում է՝ միայն մի բան է վատ, իր ծննդավայր Մարտունի չեն վերադառնալու․«Մամայի գործի տեղը տրաքացրել են, ավերակներ են, մամային տեղափոխել են Ասկերանի «պոլկ»։ Բայց կապ չունի որտեղ կապրենք, մենակ թե Ղարաբաղում լինենք։ Այստեղ ես չեմ կարող ապրել, ես ուզում եմ գնալ իմ հայրենիքը»։ Աղջնակը եղբայրների հետ մոտ մեկ ամիս էլ Հայաստանում կապրի, մինչեւ Արցախում մայրը նոր տուն կգտնի։ Մարտունու տուն չեն կարող վերադառնալ, Սյուզին ասում է՝ Մարտունու իրենց տունը թալանել են, բայց ոչ ադրբեջանցիները, հարեւանն է պատմել։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզիի հետ զրուցել եմ Արբակիրի Հայորդաց տանը, սա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրիաժ կենտրոնն է, որտեղ պատերազմի առաջին օրերից արցախցիներին ժամանակավոր կացարան են տրամադրում, մի քանի օրով, մինչեւ ավելի երկար ժամկետով կացարան կգտնվի։ Այստեղ Սյուզին եղբայրների, մորաքրոջ ու նրա յոթ ամսական փոքրիկի հետ մի օր են բնակվել։ Մեր այցելության օրն արդեն նոր կացարան էին գտել, իրերն էին հավաքում, որպեսզի տեղափոխվեն Աբովյան քաղաք։ Բայց այստեղ էլ կարճ մնացին։ Հիմա ծանոթի տանն են ապրում, բայց Սեւանում վարձով տուն են գտել, օրերս պիտի տեղափոխվեն այնտեղ։

«Մաման ասել է՝ մի ամսից կվերադառնանք Ղարաբաղ։ Ասում է՝ ռուս խաղաղապահներ շատ կան, լավ է, ապահով է»,-ասում է Սյուզին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031