Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս են հայերենը վերացնում Հայաստանից, եթե չեն պատրաստվում գնալ ուրիշ երկիր». Գեւորգ Էմին-Տերյան

Դեկտեմբեր 07,2020 21:03

«Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում չի եղել այնպիսի տարի, որ հայագիտական ոչ մի մասնագիտության համար ասպիրանտուրայի հեռակա բաժնում ոչ մի անվճար տեղ չհատկացվի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ մամուլի խոսնակ, բանասիրականն գիտությունների թեկնածու Գեւորգ Էմին-Տերյանը:

«Սա նախ եւ առաջ օրենքի խախտում է, քանի որ Հայաստանի Հանրապետությունը սահմանել է, որ հայագիտությունը գերակա ուղղություն է, եւ երբ ասպիրանտուրայի տեղ չի հատկացվում հայագիտությանը, թեկուզ ասպիրանտուրայի հեռակա բաժնում, նշանակում է՝ օրենք է խախտվում: Սա պետք է դիտարկել նաեւ այն համատեքստում, որ կապված է կառավարության նախորդ որոշումների հետ, որոնց արդյունքում անընդհատ հայագիտությունը հարվածի տակ է հայտնվում, արհամարհվում»,- ընդգծեց գրականագետը:

Նրա ձեւակերպմամբ՝ կառավարության աշխատաոճում երկերեսանիություն կա. «Մի կողմից կառավարությունն այնպես է արել, որ անուղղակիորեն նշանակելով համալսարանի եւ այլ բուհերի կառավարիչներին, նրանց տալիս է ազդակներ, որ հայագիտության դեմ նախագծեր ներկայացնեն, օրինակ` ընդունելության քննությունների վերաբերյալ նախագիծը, եւ կարողանան ներշնչել, որ իբր հայերենը խանգարում է ֆիզիկային, մաթեմատիկային, բնագիտական առարկաներին կամ համալսարան ընդունվելուն»:

Գեւորգ Էմին-Տերյանի խոսքով, հայագիտությունը հայտնվել է հարցը շահարկումների կիզակետում, որի մի կողմում, այսպես կոչված գլոբալիստներն են, որոնք ցանկանում են` նոր Հայաստանը զարգանա այլ ուղղությամբ, արեւմտյան արժեքներին հետեւող երկիր դառնա: Մյուս խմբում էլ մարդիկ են, որոնք, գրականագետի խոսքով, իբր պաշտպանում են հայագիտությունը, բայց իրենք կոռուպցիայի եւ կաշառակերության սիմվոլներն են, կա նաեւ տեսակետ, որ սա ԿԳՄՍ նախարարության փնթի աշխատանքի արդյունք է:

Գեւորգ Էմին-Տերյանը համադրելով փաստերը` գտնում է, որ 2,5 տարվա ընթացքում կառավարությունը որեւէ դրական բան հայերենի համար չի արել. «Հայագիտության դեմ արշավը սկսվեց խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն իշխանությունն ամրապնդել էր իր դիրքերը, օրինակ սկսեցին հայտարարել, որ հայագիտական ինստիտուտները, կենտրոնները պետք է լուծարվեն, վերանան, հետո եղավ որոշումը, որ եկամտահարկի վերադարձով փոխհատուցվելու է աշխատող ուսանողների ուսման վարձը, որը հայագիտական ոչ մի մասնագիտության չէր վերաբերվում»:

Գրականագետը սկզբում մտածում էր, որ, դիցուք, Տերյանի կամ Շանթի հոբելյանները չնշելն ընդամենը փնթի աշխատաոճի հետեւանք է, հետո, սակայն պարզվեց, որ միտումնավոր չեն նշվում նաեւ Գեւորգ Էմինի, Հրաչյա Հովհաննիսյանի, Սիլվա Կապուտիկյանի հոբելյանները:

Նա այս համատեքստում հիշեցնում է նաեւ չափորոշիչների աղմկահարույց թեման. «Պարզվեց, որ միջնադարյան հայ գրականությունը բացակայում է ծրագրերից, հետո ասացին, որ դա փնթիության արդյունք է եղել, կվերականգնենք, բայց Նարեկացին չի մտնելու ծրագիր:

Հետո պարտադիր բաղադրիչը հանելու քննարկումը եղավ, որի ժամանակ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ հայերենի քննությունը բոլոր ֆակուլտետներում պարտադիր է լինելու, բայց երկերեսանիությունն այն աստիճան էր, որ հանեցին նաեւ դա: Կարճ ասած, սա նպատակաուղղված քաղաքականություն է :

Ես չգիտեմ`քաղաքական գործիչները, որ ստորագրում են նման որոշումների տակ, ինչպե՞ս են պատրաստվում շարունակել ապրել Հայաստանում: Եթե չեն պատրաստվում գնալ ուրիշ երկիր, իրենց ազգանունները փոխել, այլ երկրի քաղաքացի դառնալ, ինչպե՞ս են հայերենը վերացնում Հայաստանից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031