«Ադրբեջանական մամուլում նյութեր կային այն մասին, որ զորահանդեսում կքայլեցնեն հայ ռազմագերիներին: Մենք դիմել էինք միջազգային կառույցներին, ՌԴ նախագահին: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նման բան տեղի չի ունենալու»,-հետպատերազմյան ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների թվին, նա նշեց, որ դիմել են ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեին, որն իրավունք ունի այցելել Ադրբեջանում պահման վայրեր ու բանտեր. «ՌԴ-ի դերն այստեղ շատ կարեւոր է, որովհետեւ եռակողմ փաստաթղթի գործողությունների երաշխավորը ՌԴ-ն է: Դիմել ենք ՌԴ նախագահին, որպեսզի հետեւեն գործողությունների կայացմանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ