Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Այվազյան. «Անկարան պետք է վստահություն ձեռք բերի, որը կորցրել է այս ամբողջ ընթացքում»

Դեկտեմբեր 07,2020 20:40

Այսօր Մոսկվայում իր ռուս գործընկեր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ասաց՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար Անկարան պետք է ձեռք բերի ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային հանրության վստահությունը: Նա արձագանքեց Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները կարող են նպաստել 30-ամյա լարվածությունից հետո հայ-թուրքական փոխհարաբերությունների բարելավմանը:

Արա Այվազյանի խոսքով՝ Հարավային Կովկասի վերաբերյալ այդպիսի տեսլականին համաձայն ենք եւ ցանկանում ենք ապրել խաղաղության, կայունության եւ մեր բոլոր հարեւանների հետ փոխգործակցության մեջ: «Մենք կտեսնենք, թե վստահության վերականգնման համար ինչ միջոցներ է ձեռնարկելու Անկարան, կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաեւ միջազգային հանրության: Եվ միայն դրանից հետո կգնահատենք, թե որքանով է անկեղծ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր դարաշրջանի մասին խոսքը»,-ասաց պարոն  Այվազյանը: Ըստ նրա, դրան հասնելու համար Անկարան պետք է վստահություն ձեռք բերի, որը կորցրել է այս ամբողջ ընթացքում:

Նա հիշեցրեց, թե այդ 3 տարիների ընթացքում Թուրքիան ինչպիսի գործունեություն է դրսեւորել. «Սկսեմ 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից` Հայոց ցեղասպանությունից, եւ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում ու Սփյուռքում հայերի ճնշող մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց ուղղակի հետնորդներն են: Մենք պատմական հիշողություն ունենք:

Նախարարը հիշեցրեց նաեւ  2008-2009 թվականներին «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը, երբ Հայաստանը նախաձեռնեց երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ավարտվեց Ցյուրիխյան համաձայնագրերի ստորագրմամբ: Սակայն, ըստ Արա Այվազյանի, դրանք մնացին թղթի վրա, եւ Թուրքիան հերթական անգամ հրաժարվեց կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական ենթատեքստեր. «Բոլորովին վերջերս՝ այս տարվա ապրիլի 24-ին, երբ Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայերը հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրությունում առաջին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, Թուրքիայի նախագահը ելույթ ունեցավ սադրիչ հայտարարությամբ, որում նա, ըստ էության, արդարացնում էր հայերի ոչնչացումը: Սա եւս մեկ անգամ հաստատում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի պատրաստ չլինելու մասին»:

Արա Այվազյանի խոսքով, հուլիսյան դեպքերի սկզբից ի վեր, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հյուսիսային սահմանին իրավիճակը սրվեց, Թուրքիան սկսեց իր նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի շուրթերով բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետությանը. «Դա արտացոլվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցությամբ: Ես արդեն նշել եմ, որ Թուրքիան առանցքային դեր է խաղացել Արցախի դեմ պատերազմ հրահրելու մեջ, ուղղակիորեն սպառնացել է Հայաստանի Հանրապետությանը եւ չափազանց բացասական դեր խաղացել այս ամբողջ ընթացքում, ներմուծել է ահաբեկիչ գրոհայինների եւ անմիջական մասնակցություն է ունեցել, մասնավորապես իր ձեռքն է վերցրել ռազմական գործողությունների հրամանատարությունը, երեք անգամ խափանել է հրադադարի հաստատման մասին համաձայնագրերը, եւ ամեն անգամ այդ համաձայնագրերը չեզոքացվել են հենց Անկարայի բացասական դերակատարման հետեւանքով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031