Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դավադրություն էր». ֆերմեր Տիգրան Եղոյանը հայտարարում է Վայոց Ձորում ինքնապաշտպանական շարժում է սկսում

Դեկտեմբեր 07,2020 19:44

Ֆերմեր Տիգրան Եղոյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում  հայտարարեց Վայոց Ձորում ինքնապաշտպանական եւ գործող իշխանության դեմ ընդվզման շարժում սկսելու մասին. «Որովհետեւ ես տեսնում եմ 200 կմ հեռավորության վրա ի՞նչ է կատարվում, տեսնում եմ ամեն օր ճամպրուկային տրամադրություններ, տեսնում եմ, որ ՀՀ հատկապես հարավային շրջանը, դարձել է խոցելի՝ ազգադավ իշխանության կողմից ստորագրված կապիտուլյացիայի ակտի շնորհիվ»:

Նրա պնդմամբ, այդ տարածաշրջանում գյուղացին վերացնում է իր անասունները, վաճառքի է հանել իր հողը, քանի որ արտագաղթելու մտադրություն ունի:

Տիգրան Եղոյանը զարմանում է, որ ստեղծված իրավիճակում կան քաղաքական գործիչներ, որ ասում են՝ «սպասենք՝ տեսնենք, թե ինչ կլինի»: Նա վստահ է, որ իրավիճակի շտկում հնարավոր է միայն գործող իշխանության հեռացմամբ: Այս պատերազմում ինքն էլ հարազատ ունի՝ անհայտ կորած է, բայց հույս չի տածում, որ գործող իշխանության՝ իշխանության մնալու պարագայում հնարավոր կլինի անհայտ կորածներից, գերեվարվածներից լուր ստանալ: Ինքն էլ է մասնակցել պատերազմական գործողություններին: Նա չի հավատում իշխանության կողմից ներկայացվող թեզին, թե թշնամին զորեղ էր, ուստի պարտվեցինք. «Սա դավադրություն էր, ես իմ աչքով տեսածն եմ ասում: Ջեբրայիլի տարածաշրջանում, թող կանգնի մի զինվորական եւ ասի՝ եղել է մեզ հարձակման հրաման: Ռազմաճակատի ոչ մի հատվածում հարձակման հրաման չի եղել: Եղել է նահանջի հրաման. նաhանջեք, նահանջեք, վերջը պիտի գցենք դրանց մեջտեղում՝ ջարդենք, փշրենք, ավիրենք, մտնենք Բաքու… եւ ի՞նչ տեղի ունեցավ. խաբեությամբ, դավադրաբար, Փաշինյան Նիկոլ կոչված դավաճանը պառակտեց ազգը եւ կապիտուլյացիայի ենթարկեց մեր հայրենիքը»:

Տիգրան Եղոյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության ենթարկվի՝ իր կազմակերպած դավադրության համար եւ որեւէ կերպ չի հասկանում, թե է՞լ ինչ ունի ավարտին հասցնելու, որ վեց ամիս ժամանակ է խնդրում: Ենթադրում է, որ խնդիրը Սյունիքի հետ է կապված: Մի բան արձանագրում է՝ Սյունիքում այսօր առկա իրավիճակը ուղիղ փաստում է՝ պետություն չկա: Վստահեցնում է, որ մարդիկ չեն համակերպվել ստեղծված իրավիճակի հետ եւ չեն լռելու:

Նա ընդդիմադիրներին էլ չի հասկանում. «Ի՞նչ սահմանադրական ճանապարհով այս անենք, այն անենք… փողոցից եկածին փողոցի ձեւով, փողոցի օրենքով պիտի մաքրենք Հայաստանից»: Միջազգային հանրությանն էլ չի վստահում եւ չի հավատում, իսկ մեր հասարակությանը  քաղաքացիական անհնազանդության կոչ է անում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031