Այսօր Մոսկվայում կայացած երկու երկրների ԱԳ նախարարների՝ Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի հանդիպումից հետո կողմերը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Սերգեյ Լավրովը շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը բարձր գնահատելու համար, ասաց, որ բացի հնչեցված հարցերից, ներկայումս առաջին պլան են դուրս գալիս նաեւ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնմանը, առողջապահությանը աջակցություն ցույց տալու, նորմալ կյանքի կարգավորման, տրանսպորտային միջանցքների ապաարգելափակման, այս տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման խնդիրները:
«Այս ամենը պետք է դրական դեր խաղան տնտեսական գործունեության աշխուժացման, ամենօրյա նորմալ կյանքի հաստատման գործում: Տնտեսության, ենթակառուցվածքների, առողջապահության համակարգի եւ կենսապահովման վերականգնման գործընթացը կնպաստեր հայերի եւ ադրբեջանցիների բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի տարածքում, այնպես էլ միջպետական առումով»,-նշեց ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը նաեւ ասաց. «Դա կնպաստեր տարածաշրջանում վստահության մթնոլորտի եւ համագործակցության ստեղծմանը՝ ի շահ այստեղ բնակվող բոլոր ժողովուրդների եւ այստեղ տեղակայված երկրների: Մենք վստահ ենք, որ տարբեր ազգությունների, կրոնի ներկայացուցիչները, որտեղ էլ որ լինեն, պետք է ապրեն խաղաղության եւ անվտանգության մեջ: Եվ Հարավային Կովկասը հենց այսպիսի մոտեցման է արժանի: Մենք ամեն կերպ առաջ կմղենք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ