«Իրավիճակից ելք գտնելու անցնցում եղանակը խորհրդարանի միջոցով առաջ շարժվելն է, սակայն խորհրդարանը չի արտահայտում հանրության տեսակետները: Հեղափոխության «էյֆորիայի» ֆոնին տեղի ունեցած ընտրությունները միայն սահմանափակ ուժերի հնարավորություն տվեցին խորհրդարանում հայտնվելու»,-հետպատերազմյան ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը:
Նա հարցադրումներ արեց. «Ո՞վ է ապագայում գալու: Ես շատ կուզենայի, որ նախքան այդ «ով»-ը ճշտենք, որ նա չի լինելու պարզապես անձ, այլ լինելու է գաղափարների համախմբում: Վարչապետի թեկնածու առաջադրած բոլոր քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն այն թիմին, որոնց միջոցով մենք պետք է առաջ գնանք եւ խնդիրները լուծենք: Մենք չենք կարող նորից ընտրել անձի: Մի անգամ մերժեցինք Սերժին, եւ տեղի ունեցան աղետալի դեպքեր, ունեցանք բացարձակ անփորձ, կամ, ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի իշխանություն»,-հավելեց Նարինե Դիլբարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ