Վարչապետ Փաշինյանին հանրահավաքի կազմակերպիչները ժամանակ են տվել մինչեւ երեքշաբթի ժամը 12-ը, եթե չհեռանա, սպառնում են անհնազանդության ցույցեր անել, իսկ Վազգեն Մանուկյանն էլ ասաց, որ գազազած ժողովուրդը կհոշոտի Փաշինյանին:
Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Ոչ ոք ոչ մեկի չի հոշոտելու, պետք չի դա անդադար դարձնել մատի փաթաթան: Ես չեմ կարծում, թե այդ իմաստով է դա ասվում, որ ժողովրդին առաջնորդելու են դրան: Պետք է իրենք մեկնաբանեն, թե ժամկետներն ինչի հետ է կապված»:
Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն ունի, սրա մեջ բռնության կոչեր է տեսնում, դուք մտավախություն չունե՞ք, որ դա քաղաքացիական բախումների կտանի՝ Մարուքյանը պատասխանեց, որ դրա մասին խոսում էր նոյեմբերի 9-ից, երբ մարդիկ հասել էին ԱԺ-ում իր սենյակ. «Եթե մարդիկ նոր են հիշել բախումների մասին, ես ամսի 9-ից խոսում եմ»: Մարուքյանն ասաց, որ տեսնում է կոչեր, որոնք կարող են տանել փակուղի, բայց քաղաքացիական բախումների առումով կարծում է՝ երկու կողմերում կլինեն իմաստուն մարդիկ ու դա թույլ չեն տա:
Հովհաննես Իգիթյանն առաջարկել էր, որ ԱԺ-ն հայտարարություն անի ու իր անհամաձայնությունը հայտնի, որ ստորագրված եռակողմ հայտարարությունը չդառնա Լեռնային Ղարաբաղի լուծման կոնցեպտը. «Մենք պետք է փորձենք հիմա ընդդիմության հետ միասին, միտինգում ամենածայրահեղ ելույթ ունեցողի հետ միասին այնպես անենք, որ այդ հայտարարությունը համարվի միայն ու միայն պարտադրված զինադադարի պայմաններ, որն ուղղակի փրկեց հազարավոր կյանքեր»:
Կարդացեք նաև
Մարուքյանն արձագանքեց. «Փաստորեն, Իգիթյանն, ըստ էության, ընդդիմանում է վարչապետի քաղաքականությանը, հետեւաբար ինքը պետք է դրա մասին հայտարարի: Դա նշանակում է այդ փաստաթուղթը ստորադասել, կասկածի տակ դնել, ինչի մասին թե՛ վարչապետն է արտահայտվել, թե՛ ՌԴ նախագահը, թե՛ Լավրովը, թե՛ իմքայլականները, որ այդ փաստաթուղթը ոնց կա, այդպես պիտի աշխատի»:
Մարուքյանն ասաց, որ եթե նման նախաձեռնություն ունի Իգիթյանը, կարող են քննարկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ