Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանակով-մկրատով վիզդ կկտրեմ». ծնողի պնդմամբ վախեցրել են երեխային

Դեկտեմբեր 07,2020 17:37

«Ինձ ծանոթ մարդիկ խորհուրդ տվեցին այդ մանկապարտեզը, որոնց երեխաները եւս հաճախում էին: Ծնողները գոհ էին, ես անձամբ ճանաչում եմ նրանց եւ վստահում եմ: Այնուհետեւ ամուսնուս եւ բալիկիս հետ այցելել ենք մանկապարտեզ, ծանոթացել շենքային պայմաններին, որոնք մեզ բավարարել են, ժամերն էլ բավականին երկար էին, վճարն էլ հարմար էր, երկու երեխայի համար զեղչ առաջարկվեց, նաեւ իմ բնակության վայրին մոտ էր մանկապարտեզը: Տնօրենը նշեց, որ 4-անգամյա սնունդ է լինելու, անպայման միս է օգտագործվում, լոգոպեդ է այցելելու, պար, երգ է լինելու, ամեն ինչ այդպես ներկայացվեց»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ նշեց «Մեր բակը» մանկապարտեզ հաճախող երեխայի ծնող Վիկտորյա Ռստակյանը, որի երեխան իր պնդմամբ բռնության է ենթարկվել:

Հիշեցնենք, որ այս մանկապարտեզում մեկ այլ ծնողի պնդմամբ եւս երեխայի հանդեպ բռնություն է իրականացվել:

Վիկտորյա Ռստակյանը պատմեց, որ դեկտեմբերի 1-ին իր երեխաները այլայլված են վերադարձել մանկապարտեզից, հուզված են եղել, չեն ցանկացել շփվել, ինքը մտածել է, որ առաջին օրն է մանկապարտեզում են, դրանից են սթրեսի մեջ ընկել: Դեկտեմբերի 2-ին ծնողը տեղեկացրել է տնօրենին, որ երեխաների վիճակի մասին, վերջինս ասել է, որ անհոգ լինեն: Ծնողը պնդում է, որ դեկտեմբերի 2-ին եւս փոքրիկները այլայլված են վերադարձել մանկապարտեզից, ինչից հետո ձայնագրող սարք է ուղարկել երեխաների հետ ու պարզել, որ այնտեղ ծեծում են փոքրիկներին:

«Ձայնագրությունից տեղեկացա, որ երեխաները մտնում են ներս, իրենց չեն հանգստացնում, 2 ժամ երեխաս հեկեկում է, հետո սկսվում է ծեծուջարդը, իրենցով չեն զբաղվում, միայն աղմուկ է լսվում ու ղժժոց, լաց, նույնիսկ կա «դանակով-մկրատով վիզդ կկտրեմ, ով չլսի, ընկեր Լուսինեի մոտ է գնալու»,-պատմեց ծնողը:

Ավելի վաղ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզից «Արմենպրեսին» ասել էին, որ ոչ հաստատում և ոչ էլ հերքում են երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության իսկությունը, իսկ մանկապարտեզի «Բաղրամյան» մասնաճյուղի տնօրեն Անի Հայրապետյանը հաստատել էր, որ ձայնագրությունը հրապարակել է ծնողներից մեկը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031