Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը պատրաստ է աջակցել պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների պրոթեզավորմամբ զբաղվող կենտրոններին

Դեկտեմբեր 07,2020 17:53

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների խմբին։ Նրանք մեր երկրում օգնություն են ցուցաբերում պատերազմի ընթացքում տուժած զինվորականներին ու քաղաքացիական անձանց:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ այս բարդ ու ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին գտնվելու ու վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար: «Մենք պետք է շարունակենք մեր բարեկամությունն ավելի ամուր ու վստահելի դարձնել» ,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի բարեկամությունը: Նախագահ Սարգսյանն իր շնորհակալությունն է փոխանցել նախագահ Մակրոնին:

Հանդիպմանը ներկա՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունն առողջապահության ոլորտում․ «Առաջիկայում նախատեսված է համապարփակ բժշկական համագործակցություն նախաձեռնել Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Մեր մասնագետներն ու բժիշկները կփորձեն շարունակական աջակցություն ցուցաբերել»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների բուժման, նրանց առողջության վերականգնման, վերջույթների պրոթեզավորման հետ կապված հարցերի: Նախագահ Սարգսյանը հատկապես բարձր է գնահատել այս ուղղությամբ գործունեություն ծավալող բոլոր կենտրոնների աշխատանքը՝ նշելով, որ այս տարիների ընթացքում և հատկապես ապրիլյան պատերազմից հետո նրանք հսկայական աշխատանք են կատարել և այսօր էլ մեծ աշխատանք ունեն անելու:

Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով վիրավորների և բուժօգնության կարիք ունեցողների մեծ թիվը՝ այսօր անհրաժեշտ է աջակցել նման կենտրոններին, Հայաստան բերել նորագույն տեխնոլոգիաներ, համագործակցված աշխատել նրանց հետ՝ տեղում իրականացնելու համապատասխան օգնության կարիք ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացը: Հանրապետության նախագահը նշել է, որ պատրաստ է ըստ ամենայնի աջակցել նման կենտրոններին՝ համագործակցության հնարավորություն ստեղծել տարբեր երկրների նմանատիպ կենտրոնների ու մասնագետների, այդ թվում՝ Ֆրանսիայի մասնագետների հետ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հեռանկարում համապատասխան պարագաների արտադրությունը տեղում կազմակերպելու հնարավորություն ունենալ:

Ֆրանսիացի բժիշկները պատմել են այս օրերին հայաստանցի գործընկերների հետ իրականացրած աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ իրենց այցերը պարբերական են լինելու, քննարկվում է նաև որոշ զինվորների հետագա բուժումը Ֆրանսիայում կազմակերպելու հարցը: Նրանք առանձնահատուկ ընդգծել են, որ տպավորված են հայ բժիշկների աշխատանքով ու մասնագիտական բարձր որակով: «Հայ բժիշկները, ինչպես և հայ զինվորները, իսկական հերոսներ են»,- նշել են նրանք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031