«2020թ.-ին պատերազմ լինելու հետ կապված շատ կանխատեսումներ կային: ԼՀ-ն տարին սկսել է անվտանգության սեկտորի մոնիթորինգ նախաձեռնությամբ, եւ հունվարին պաշտպանության նախարարը, ԱԱԾ պետը, ԱԽ քարտուղարը հրավիրվել էին խմբակցություն՝ քննարկման: Եթե հիշում եք, այդ ժամանակ Իրանում սպանվեց հայտնի գեներալ Սուլեյմանին: Այդ օրերին էր, որ տարածաշրջանը շատ լարված էր, եւ երբ մենք փակ հանդիպման ժամանակ ՊՆ-ին հարց էինք տալիս, անկեղծ ասեմ, ասում էինք՝ արդյոք ՍՈՒ-երը ճի՞շտ գնում էին»,-ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա շարունակեց. «Մեզ ՊՆ-ն «ՍՈՒ»-երի հետ կապված այնպիսի բաներ է ասել, որ սկսեցինք ամաչել, թե ինչու ենք այդքան «կարեւոր, դիպուկ» գնման առնչությամբ հարց բարձրաձայնել: Եթե հանկարծ պատերազմ սկսեր, «հողին էին հավասարեցնելու» թշնամուն…ՊՆ-ի զեկույցը դրա մասին է եղել: Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ նույնն ասեց, որ գիտեն, որ տիրապետում են…ԱԳ նախարարի հետ զրույցի ժամանակ էլ նա մինչեւ վերջ հավաստիացրել է, որ ամեն ինչ նորմալ է եւ մեր հսկողության տակ է: Նույնը հաջորդ օրը փակ հանդիպման ժամանակ ասել է վարչապետը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ