Այն տեղեկությունը, թե Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչները փակել են ճանապարհը և պաշտոնական պարզաբանում են պահանջում ընդդիմադիր 17 կուսակցությունների այն հայտարարության վերաբերյալ, թե Տավուշի որոշ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին` սուտ է։
Aravot.am -ի հետ զրույցում Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը նշեց, որ նախ ոչ մի բողոքի ցույց չի եղել և Հանրապետության հրապարակում ընդդիմադիր 17 ուժերի հայտարարությանն ի պատասխան՝ սահմանամերձ գյուղի բնակիչները խարույկ էին վառել ճանապարհի եզրին ՝ ցույց տալու համար, որ իրենց գյուղերը տեղում են, և Ադրբեջանին Տավուշի մարզից ոչ մի գյուղ չի հանձնվել և չի հանձնվելու։
«Այդ տեղեկությունը, թե իբր բողոքի ցույց է եղել սուտ է և գրված տեղեկություններից ոչինչ իրականությունը չի համապատասխանել։ Այնտեղ հավաքվածների մեջ մի հոգի ոսկեպարցի չի եղել։ Եղել են Կոթի գյուղից, Այրումից և մնացած գյուղերից բնակիչներ, ովքեր եկել են ճանապարհի մոտ խարույկ են վառել և ցույց են տվել , որ հրապարակներում հայտարարված տեղեկությունները, թե Տավուշի գյուղերը հանձնել են սուտ է և գյուղերն իրենց տեղերում են»։
Համայնքի ղեկավարի խոսքով լրատվամիջոցները խեղաթյուրում են իրականությունը և մարդկանց շփոթմունքի մեջ են գցում։
Կարդացեք նաև
Նրա վստահեցմամբ, Տավուշի մարզի սահմանի գյուղերն իրենց տեղում են և նման ոչ մի տեղեկություն պաշտոնապես չի եղել. «Գյուղն այնպիսի բան չի, որ տան ու ոչ մեկ չիմանա։ Նման բան չկա»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրապարակավ պարբերաբար հայտարարում են, թե Տավուշից գյուղեր են հանձնվել Ադրբեջանին:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ