Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վտանգի տակ է դրվում հիմնարար գիտությունների զարգացումը. ԳԱԱ-ն պահանջում է անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ից

Դեկտեմբեր 07,2020 16:49

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Գիտությունների ազգային ակադեմիայի հայտարարությունը

 ՀՀ կառավարությունն իր 03․12․2020թ․ նիստի օրակարգում անհիմն, առանց օրենսդրորեն նախատեսված քննարկումների, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և  հավանություն տվեց՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Որոշումն ընդունվեց, երբ երկրում հրատապ լուծում պահանջող մի շարք կարևորագույն՝ հումանիտար, տնտեսական, սոցիալական, պաշտպանական և բազմաթիվ այլ խնդիրներ կան:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը լայնորեն քննարկվել է ԳԱԱ գիտական կազմակերպությունների կոլեկտիվների ժողովներում, ԳԱԱ տնօրենների խորհրդում, ԳԱԱ անդամների ժողովում: Բազմաթիվ սկզբունքային առաջարկություններ և դիտողություններ պարբերաբար ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն, որոնք հիմնականում չեն ընդունվել, նույնիսկ ներկայացված ամփոփագրերում զարմանալիորեն արտացոլված չեն:

Ներկայացված օրենքի նախագծով կազմաքանդվում է ՀՀ գիտությունների ակադեմիական համակարգը, և վտանգի տակ է դրվում հիմնարար գիտությունների զարգացումը: Վերացվում են ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված ԲՈՒՀ-ական և գիտական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները, խախտվում են կրթության, գիտության հիմնական շահառուների իրավունքներն ու օրինական շահերը:

Անընդունելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի այս ծանր ժամանակաշրջանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նման նախագծի՝ առանց վերջնական հանրային քննարկումների և հավանության արժանանալու հրատապ կերպով օրակարգ բերելը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ԳԱԱ-ն պահանջում է.

  • անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից
  • շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ բարձրագույն կրթության և գիտության զարգացումն ապահովող հայեցակարգային դրույթների և օրենքների նախագծերի մշակման համար:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031