Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը մարդկանց համարում է գազազած մի ամբոխ ու պետք է ասի՝ գնացեք այս մարդուն հոշոտեք կամ սպանե՞ք». Իգիթյանը՝ Վազգեն Մանուկյանի մասին

Դեկտեմբեր 07,2020 16:21

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն էր հայտնել, որ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին, քաղաքացիական բախման վտանգ է տեսնում: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց. «Այդ մտավախությունը պետք է բոլորս ունենանք, որ հանկարծ Հայաստանում չլինեն ֆիզիկական բախումներ: Ես լսում եմ տարբեր մարդկանց ելույթներ ու չեմ տեսնում իրավիճակից ելնելու գաղափարներ, տեսնում եմ մարդկանց դեպի ագրեսիվությունը տանող հորդորներ: Կարող է մի քիչ ռոմանտիկ հնչի, բայց ինձ թվում է, որ երբ իրավիճակը վատ է, պետությունը վտանգված է, մարդիկ պետք է ոչ թե այլ մարդկանց շուրջ միավորվեն, այլ իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնեն»:

Նա ասաց, որ կապի մեջ է սփյուռքի հետ, օրինակ, Ֆրանսիայում իրենք գտել են ճիշտ օրակարգը, որի շուրջ աշխատում են, որովհետեւ ի վերջո վտանգը ումի՞ց է գալիս՝ Թուրքիայից:

Հարցին՝ երբ ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարական, իսկ վարչապետը չի էլ ակնարկում անգամ դրա մասին, դա չի՞ կարող բախումների տանել՝ Իգիթյանը պատասխանեց. «Այսինքն, երբ վարչապետին ասում են՝ հեռացիր, վարչապետն էլ չի հեռանում, դա բախո՞ւմ է: Բոլորս պետք է օրենքի շրջանակներում աշխատենք, ի՞նչ է նշանակում բախում: Բախում՝ նշանակում է Քրեական օրենսգրքի խախտում, որեւէ մեկը դրա իրավունքը չունի: Ոչ ընդդիմության ոտքը պետք է տրորվի, ոչ իշխանավորի ոտքը պետք է անօրինական ձեւով տրորվի»:

Իգիթյանն ասաց, որ ինքը տեսնում է, որ մեր ամբողջ հայեցակարգն է խախտվել՝ ոչ միայն Ղարաբաղի հետ կապված, այլ Հայաստանի անվտանգության ու աշխատանք ունեն տանելու. «Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը եւ Թուրքիան հայտարարում են իրենց գործընկեր պետություններ: Մենք, փաստորեն, մնացել ենք…»:

Լրագրողները հիշեցրին Վազգեն Մանուկյանի խոսքերը՝ եթե չհեռանա այս կառավարությունը ու շարժումը չհաղթի, գազազած ամբողջը հոշոտելու է իրեն: Իգիթյանն արձագանքեց. «Գնացեք իրեն հարցրեք՝ ի՞նչ է դա նշանակում, նշանակո՞ւմ է արդյոք, որ ինքը մարդկանց համարում է գազազած մի ամբոխ ու պետք է ասի՝ գնացեք այս մարդուն հոշոտեք կամ սպանե՞ք: Դա սխալ է: Ինձ թվում է, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այսինքն, Հայաստանում օրենքները պետք է աշխատեն»:

Իգիթյանն ասաց, որ պետք է միասնական լինել. «Որեւէ բան չի խանգարում, որ բոլոր այն մարդիկ, որոնք ունակ են ծրագիր իրականացնել, միավորվեն՝ հանուն պետության: Ես եղել եմ այն մարդը, որ միշտ պետության համար եմ աշխատել, ինձ համար միեւնույն էր՝ այդ պետության ղեկավարը Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն էր, Ռոբերտ Քոչարյա՞նը, Սերժը կամ Փաշինյանը: Ինձ համար գոյություն ունի Հայաստան, ես կարող եմ որպես հասարակ քաղաքացի էլ աշխատել Հայաստանի համար»:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, նա ասաց, որ ցանկացած հարց լուծվում է բանակցություններով. «Եթե մարդիկ իրոք մտահոգված են, ի՞նչն է խանգարում, որ գան քննարկեն: Եթե դու բան ունես ասելու, օրինակ, Նիկոլ Փաշինյանին, որպես վարչապետ, խոսելու տեղը սեղանն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031