«Նշվում է, որ անօթեւանների առջեւ պարտավորությունը կատարված է, բայց իրականությունն այն է, որ այսօր էլ տնակներում 4 հազարից ավելի ապրող մարդիկ կան: Եթե ներքին միգրացիան հանեք, ապա 1000 ընտանիք դեռեւս ապրում է տնակներում: Այսինքն՝ 32 տարվա ընթացքում 4 իշխանություն է փոխվել եւ պետությունը լավ չի կատարել իր պարտավորությունները»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ասաց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:
Քննարկման թեման անօթեւանության խնդիրն էր՝ 32 տարի անց: 1988 թ․-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո մարդկանց բնակարանային խնդիրները դեռ չեն լուծվել, հազարավոր մարդիկ ապրում են տնակներում:
Սեյրան Մարտիրոսյանը գտնում է, որ մինչ օրս անօթեւանների առկայության պատճառներից մեկն այն է, որ պետության գործունեության հիմքում դրված չի եղել կանխատեսումը, մոդելավորումը. «Այսինքն՝ եթե խնդիրը հիմա են լուծում, ի՛նչ ծավալների հետ գործ ունեն, եթե հետո են լուծում՝ ի՛նչ ծավալների: Պետությունը դրա պատասխանատուն է, որովհետեւ ձգձգումը եղել է ոչ թե ընտանիքի այլ՝ պետության պատճառով: Ընտանիքը պետք է մեծանար, անձանց թիվն ավելանար»:
Սեյրան Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեց նաեւ անօթեւանների համար կառուցված բնակարանների որակից ու դեռեւս երկրաշարժի տարիներից մնացած վթարային շենքերի վերաբերյալ. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին՝ որքան կարեւոր է վթարային շենքերի եւ, ընդհանարապես, շինարարության որակը: Մեկ գիշերում արթնացանք, տեսանք՝ բոլորիս շենքերի վրա գրված էր՝ դեպի ապաստարան, բայց այդ սլաքը ոչ մի տեղ էլ չի տանում, որովհետեւ վաղուց չկա այդ ապաստարանը կամ այդ ապաստարանն այդ պայմաններին չի համապատասխանում կամ վաղուց ինչ-որ մեկն այդ ապաստարանի վրա իր կողպեքը կախել է, եւ պատկերացնո՞ւմ եք, եթե այդ վիճակը լիներ եւ այդ վթարային շենքներն ինչ կարող էին առաջացնել»: Նրա խոսքով, ե՛ւ այս հարցում ե՛ւ մյուս տեղերում պետության մոտեցումը համարժեք չէ այն վիճակին, որը գոյություն ունի:
Կարդացեք նաև
ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն ասաց, որ երկրաշարժից հետո Շիրակի մարզում փլվել էր եւ բնակության համար ոչ պիտանի էր դարձել 22 հազար 678 բնակարան, 7-8 հազար շենք-շինություն էլ՝ վթարային են դարձել:
Այս պահին, սակայն անօթեւան շահառու չունեն՝ բացառությամբ մեկ-երկուսի, որոնք դատական կարգով վերականգնում են բնակարան ստանալու իրենց իրավունքը: Մարզպետարանի ներկայացուցչի խոսքով, տնակներում եղած անօթևանները տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են, որոնց համար նույնպես պետությունը ծրագրեր է անում. «Մենք գույքագրել ենք արդեն մարզում 3500 տնակներ, որից 2500-ում բնակվում են: Այս պահին կազմվում է ծրագիր՝ ինչպես այդտեղից հանել ժամանակավոր կացարանները: Բայց պետք է լուծել նրանց խնդիրը, նրանց մի մասը ստանալու են սոցիալական բնակարաններ, մի մասին տրվելու է վարձով բնակվելու հնարավորություն՝ մինչեւ կարողանա իր խնդիրը լուծել: Բոլոր ընտանիքների խնդիրը այս պահին դասակարգվում է մոտ 2-3 ամսվա ընթացքում կմեկնարկի եւ փուլ առ փուլ կլուծվի այդ տնակներում բնակվողների հարցը»:
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-հետազոտող Անահիտ Սիմոնյանը գտնում է, որ այս 32 տարիների ընթացքում պետության կողմից խախտվել են երկրաշարժից անօթեւան դարձած ու տնակներում բնակվող քաղաքացիների իրավունքները՝ առողջապահության, կրթության, զբաղվածության ոլորտներում: Ըստ նրա, այդ տնակները ժամանակավոր կացարաններ են, որոնք նախատեսված չեն եղել այդքան երկար տարիներ ապրելու համար: Դրանք պարունակում են թունավոր նյութեր, որոնք այդ տարիների ընթացքում լուրջ վնասներ են հասցրել այնտեղ ապրող քաղաքացիների առողջությանը եւ այսօր էլ պետությունը որեւէ կերպ չի փոխհատուցել այդ վնասը:
Անահիտ Սիմոնյանի համոզմամբ, խնդիրը 32 տարի չի լուծվել, որովհետեւ չի եղել այդ խնդրի հաղթահարման քաղաքական կամքը:
Նա թվարկեց մի շարք բացեր, որոնք ոչ միայն չեն լուծել խնդիրն, այլ խորացրել են. «Եղել են կոռուպցիոն ռիսկեր, պետական պաշտոնյաների ոչ բարեխիղճ աշխատանք, որոնք հանցագործություններ են եւ պատշաճ քննության պիտի արժանանան»:
Անահիտ Սիմոնյանը խնդիրների չլուծման պատճառներից մեկը համարեց նաեւ անօթեւաններին բնակարաններ հատկացնելու կառավարության թիվ 432 որոշումը, որը կայացվել է 1992 թվականին, սակայն մինչ օրս փոփոխության չի ենթարկվել: Համաձայն այդ որոշման՝ բնակարանի մակերեսը փոխվում է, եթե ընտանիքի անդամները բնակարան ձեռք բերելու ժամանակ ավելի պակաս թվով են լինում, քան հերթագրման ժամանակ էին, սակայն բնակարանի մակերեսը չի փոխվում, եթե այդ տարիների ընթացքում ընտանիքի անդամներն ավելացած են լինում. «Այդ պատճառով ընտանիքի մի մասն է տեղափոխվել բնակարան, մյուս մասը մնացել են տնակներում: Ասել, որ պետությունն իր պարտավորությունը կատարել է՝ սուտ է եւ ասել, որ այս պահի դրությամբ լուծված են այդ խնդիրները եւս սուտ է: Պետության քաղաքականության օրակարգ այդպես էլ չեն մտնում մի շարք իրական խնդիրներ: Շատ անձիք այսօր էլ բնակվում են անարժապատիվ պայմաններում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ