Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհական ընդունելության առարկայացանկը համապատասխանեցնել գործող օրենքի պահանջներին. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդի հայտարարությունը

Դեկտեմբեր 07,2020 16:17

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Ի խախտումն  ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջի՝ բուհերի գերակշիռ մասի ընդունելության քննությունների ցանկում ՀՀ պետական լեզուն՝ հայերենը,  ամրագրվել է իբրև կամընտրական. դիմորդին իրավունք է տրվել հայերենի փոխարեն որևէ օտար լեզվի քննություն հանձնել: Դեռ ավելին՝ ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում հայոց լեզվի քննությունը նշված է իբրև ոչ մրցութային: Հիշեցնենք, որ  ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը միանշանակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդը համոզված է, որ բացարձակ  անթույլատրելի է որևէ հիմնավորմամբ արդարացնել օրենքի դրույթի խախտումը, ուստի պահանջում ենք ՀՀ Կառավարությունից վերանայել 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը՝ համապատասխանեցնելով այն գործող օրենքի պահանջներին: ՀՀ Կառավարությունն ի պաշտոնե մեր օրենսդրության պահպանման երաշխավորն է, և ՀՀ պետական լեզվի հանդեպ կանխակալ ու աչառու վերաբերմունքը պետք է բացառի:

Հավելում ենք նաև, որ այս որոշումը ՀՀ Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված և մինչ այդ շահագրգիռ մասնագիտական ատյանների կողմից հիմնավոր քննադատության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի մերժելի մոտեցումների ուղղակի հետևանքն է: Այս օրենքի միջոցով փորձ է կատարվում ՀՀ պետական լեզվի դասավանդումը  բուհերում դարձնելու  կամընտրական:

Ընդգծենք, որ հիշյալ օրենքի նախագիծը խնդրահարույց է նաև բուհական ինքնավարության առումով, քանի որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին վերապահվում է միանձնյա իրավասություն՝ նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի  պաշտոնակատար:

Արդեն հայտնի է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունման դեպքում բարձրացնել Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ կրթության իրավունքը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասելու հիմքով:

Ակնկալում ենք բարձրացված հարցերի հրատապ և իրավաչափ լուծումներ, որոնք չիրականացվելու դեպքում մեզ վերապահում ենք դիմելու այլ գործողությունների։

Հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդ

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031