Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատերազմը պետք է աղբանոց ուղարկեր օրենքը». Վարդան Դեւրիկյան

Դեկտեմբեր 07,2020 15:59

«Շատ զարմանալի է, որ պատերազմից հետո այս օրենքի նախագիծը նորից գնաց խորհրդարան, մինչդեռ թվում էր, թե պատերազմը պետք է աղբանոց ուղարկեր այս օրենքը, բայց զարմանալիորեն այն գնաց խորհրդարան»,-«Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին, որի առնչությամբ մտահոգություն էին հայտնել ակադեմիական եւ համալսարանական շրջանակները: Թեմային անդրադարձել էր նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, նա նշել էր, որ եթե Ազգային ժողովի կողմից նախագիծն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունվի, ապա կդիտարկի Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ առաջնահերթ հենց կրթության իրավունքը երաշխավորող Հայաստանի Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասության հիմքով:

Վարդան Դեւրիկյանի խոսքով, պատերազմը ցույց տվեց, թե ինչ մարտահրավերներ ունենք մենք, ներառյալ` ռազմատեխնիկական, ուժային անհամաչափությունները, այն խնդիրները, որոնք ծառացած էին ակադեմիական գիտության, գիտական հաստատությունների առջեւ, սակայն դա աչքաթող անելով` նման օրենք է մղվել խորհրդարան: Գիտնականը կարծում է, որ պատճառն այն է, որ ցանկանում են բուհերի ռեկտորները նշանակվեն 5 տարի ժամկետով նախարարության կողմից եւ ոչ թե ընտրվեն, ինչը խփում է բուհական ինքնավարությանը:

«Օրենքի ամենամեծ արտառոցությունն այն է, որ սա ձեւավորված կրթական համակարգը ջարդում է եւ տեղը ոչ մի բան չի առաջարկում: Այսինքն, սա ոչ թե օրենք է գիտության, կրթության զարգացման համար, այլ գիտության, կրթության համակարգը ջարդելու մասին, սպառնալիք գիտության զարգացման համար»,-ասաց Դեւրիկյանը:

Նա երեք կետ առանձնացրեց. «Առաջինը ակադեմիական համակարգի ոչնչացումը եւ գիտական ինստիտուտների ճակատագրի հետագա անորոշությունն է, երկրորդը կոչումների երկաստիճան համակարգի փոփոխությունը, եւ վերջապես երրորդը`Գիտության բարձրագույն կոմիտեի, որը գիտական կոչումներն է շնորհում, չհիմնավորված փոփոխությունը: Այս խնդիրները քննարկվել են նաեւ նախորդ իշխանությունների ժամանակ, բայց այն տարիներին ավելի մակարդակով են քննարկվել: Նախորդ իշխանությունները նույն խնդիրներն արծարծելով, այնուամենայնիվ, չեն տարել ԱԺ` զգալով, որ խնդիր կա եւ պետք է այս հարցերը քննել, էությունը ճիշտ հասկանալ, նոր ընդունել»,-ասաց Վարդան Դևրիկյանը:

Նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կոչ արեց օրենքը հետ ուղարկել հետեւյալ հիմքով` օրենքի` գիտությանը վերաբերվող կետերը հակասում են ՌԴ գիտության մասին օրենքներին, ու գիտնականի համոզմամբ, դա հատուկ է արվել, քանի որ նրա ձեւակերպմամբ, Հայաստանում իշխում էր հակառուսական շիզոֆրենիա:

«Ցավով եմ ասում, այսօր մենք կիսամեռ վիճակում ենք, հանձնված ենք Ռուսաստանի ողորմածությանը, Ռուսաստանի կամքին, ու շատ հարցերում մեր արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն Ռուսաստանի հետ, եւ եթե այդ կետերը հակասում են Ռուսաստանի օրենքներին, ինչպե՞ս ենք կառուցելու մեր հարաբերությունները»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031