Ռուսական կողմն իր խաղաղապահների միջոցով կաջակցի գերիների փոխանակման գործին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի իր գործընկեր Արա Այվազյանի հետ հանդիպմանը:
«Կարևոր հարց է գերիների փոխանակումը: Մեր խաղաղապահների միջոցով ամեն կերպ կաջակցենք դրա շուտափույթ եզրափակմանը»,- ասել է Լավրովը:
Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դուրս է եկել թեժ փուլից, և Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածվում է կայունության տարածաշրջանի:
«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարությունը, որը վերջ դրեց պատերազմին և ապահովեց պայմանավորվածություն, որով հնարավորություն է տրվում փախստականներին և ներքին տեղահանված անձանց վերադառնալ իրենց օջախներ, ապահովեց պայմանավորվածություններ տնտեսության վերականգնման, մարդասիրական հարցերի լուծման համար»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները՝ գյուղատնտեսական և տրանսպորտային: «Դրանով արդեն մենք կարող ենք իրական պայմաններ ստեղծել Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար՝ ի շահ այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների: Մենք ամեն կերպ կնպաստենք այդ ուղղությամբ առաջընթացին»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովը նաև նշել է, թե Մոսկվան ուրախ է, որ արտգործնախարարի պաշտոնում իր առաջին այցը Այվազյանը կատարել է Ռուսաստան:
Իր հեթին Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված իր ներդրման և ջանքերի համար:
«Ցանկանում եմ խորը երախտագիտություն հայտնել ռուսական կողմին և անձամբ Ձեզ, Սերգե՛յ Վիկտորովիչ, հակամարտության գոտում ռազմական գործողությունների և կրակի լիարժեք դադարեցմանն ուղղված մեծ ներդրման և միջնորդական ջանքերի համար»,- ասել է Արա Այվազյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ