7-ը դեկտեմբերի 1988 թվական, սովորական ձմեռային օր էր թվում՝ մինչև 11:41 րոպեն։ Բնության կույր տարերքը՝ ահարկու երկրաշարժը, վայրկյանների ընթացքում հիմն ի վեր ավերեց հյուսիսային Հայաստանը։ Հուժկու աղետից 32 տարի անց էլ հայի վերքերը դեռ մրմռում են, տխուր են մեր քաղաքները՝ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը… Այստեղ 32 տարի շարունակ շուրջդ նայելիս տեսնում ես ինչպես են տխուր աչքերով փոքրիկ բալիկները խաղում ուրիշ բակերում, ու հենց այդ պահին հասկանում ես, որ չես կարողանում ժպտալ։ Մենք այնքան ժպիտներ ենք պարտք մեր երեխաներին։ Ցավալի է, բայց այս տարիների ընթացքում մեր երեխաները զրկված են եղել բարեկեցիկ մանկություն ունենալու հաճույքից…
Գյումրի՛, ի՞նչ մեղք ենք գործել քո հանդեպ: Ուրացել ենք մեր ազգային համալսարանի հիմնադրման ակունքը: Գիտության և կրթության կենտրոն դարձնելու մեր պարտականությունը: Սպիտակ և Վանաձոր ուրացել ենք մեր պարտքը՝ վերականգնելու մեր արդյունաբերական կարողությունները:
32 տարի անց իրավունք չունենք չընդունել մեղքը, իրավունք չունենք անտարբեր մնալ և շարունակել լինել ստվեր:
Մենք՝ հայերս, հազարամյակների պատմության ընթացքում սովորել ենք հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարություններ, աղետներ, և չնայած նրան, որ այդ ամենն ընդմիշտ ապրում է մեր գենետիկ հիշողությունների մեջ, մեր ազգը նման է մասրենու, որ ծաղկում է նույնիսկ ապառաժների գլխին։ Ոսոխն ու բնական աղետները ինչքան էլ ցանկանան թրատել հային, հայը ավելի խոր արմատներ կձգի և կծլարձակի ավելի փարթամ և ուժեղ։
Կարդացեք նաև
Մեր խոնարհումն ու խնկարկումը անմեղ զոհերի հիշատակին:
«Երկիր Ծիրանի» կուսակցություն