Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինը» վերադառնում է 17-րդ անգամ

Դեկտեմբեր 07,2020 15:08

Արդեն 17-րդ անգամ կայանում է «Կին» միջազգային կինոփառատոնը, որի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել կանանց խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը: Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել է Փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Մարիամ Օհանյանի հետ: Նա տեղեկացրեց, որ, կորոնավիրուսի համավարակի պայմաններում 17-րդ «Կին» միջազգային կինոփառատոնը կանցկացվի առցանց, եւ դեկտեմբերի 9-13-ը հնարավոր կլինի դիտել 51 ֆիլմ` 26 երկրից:

Մարիամ Օհանյան

«Բացի այն, որ փառատոնն առցանց է, ինչը լրիվ նոր ձեւաչափ է մեզ համար, պատերազմի պատճառով եւս փառատոնը հետաձգվել էր: Այս տարի փառատոնն անցկացվելու է «Արցախ, մենք քեզ հետ ենք» կարգախոսով: Այդ շրջանակներում որոշեցինք ավելացնել ֆիլմեր` կապված պատերազմական թեմայի հետ: Ցուցադրելու ենք իմ 4 ֆիլմերը. «Մենք մեր հողի գույնի ենք» ֆիլմն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կռվածների մասին է, «Ես լուսանկարում եմ Շուշին» ֆիլմի հերոսուհին փոքր աղջիկ է, որը սովորում է լուսանկարել ու նկարում է բերդաքաղաք Շուշին, «Հղի կնոջ օրագիրը» այն մասին է, թե ինչպես էր 90-ականների ծանր տարիներին կինը երեխայի էր սպասում, ու այդ ֆիլմում էլ կա պատերազմի թեման, Իսկ «Հայաստանն` անտեսանելի երկիր է» ֆիլմն անուղղակիորեն է կապված թեմայի հետ»,-նշեց մեր զրուցակիցը:

Մարիամ Օհանյանը հայտնեց, որ այս տարվա կինոփառատոնը հարգանքի տուրք է մատուցելու հանրահայտ խորհրդային կինոռեժիսոր Կիրա Մուրատովային: Իսկ դեկտեմբերի 10-ին տեղի կունենա հատուկ ցուցադրություն Արցախցի երեխաների համար, կցուցադրվի փառատոնի մասնակից անիմացիոն ֆիլմերի ծրագիր` Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Նրա խոսքով, լավագույն անիմացիոն նմուշների ցուցադրությամբ փորձ կանեն արցախցի երեխաներին շեղել առօրյա խնդիրներից:

Մարիամ Օհանյանից պարզեցինք, որ փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաեւ «Մոռացված անուններ» վավերագրական կինոալմանախի պրեմիերան, որը ստեղծվել է «Գյոթե կենտրոն Երևան»-ի կազմակերպված «Հայ կինը և 20-րդ դարը՝ մոռացված անուններ» սցենարի զարգացման դասընթացի արդյունքում: Ֆիլմը ստեղծվել է չորս հեղինակների կողմից և պատմում է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուի, նկարչուհի Վերա Վարդ Պատրիկյանի, պարուհի Արմեն Օհանյանի և ճարտարապետ Ցողիկ Արաբյանի մասին:

Մեր զրուցակիցն ասաց, որ ամեն տարի փառատոնը յուրահատուկ է, սակայն առանձնացրեց «Կին» փառատոնի 10-ամյակը.«Այդ ժամանակ մենք կարողացանք կազմակերպել համր ֆիլմի ցուցադրություն. Ալիս Գի Բլաշեյի ֆիլմը ցուցադրվեց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի նվագակցությամբ, այսինքն` կենդանի երաժշտությամբ: Ափսոսում եմ, որ դա չնկարահանեցինք»:

Հավելենք, որ փառատոնի ժյուրիի անդամներն են պրոդյուսեր Լյուսիան Քերրին (ԱՄՆ), դերասանուհի Նորա Արմանին ( ԱՄՆ), կինոգետներ Ելենա Կուցենկոն (Ռուսաստան) եւ Թամարա Հակոբյանը (Հայաստան), ինչպես նաեւ ռեժիսոր Քելլի Հարգրեյվսը ( Կանադա): Փառատոնի ավարտին կշնորհվեն հետևյալ մրցանակները` Լավագույն ֆիլմ, Հատուկ մրցանակ, Դիպլոմներ, Մրցանակ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, Հանդիսատեսի մրցանակ, որը կտրվի հանդիսատեսի ձայների հաշվառման հիման վրա:

Փառատոնի հովանավորներն են Գյոթե ինստիտուտը, Գերմանիայի դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Բոշի հիմնադրամը, Ս. Ֆիշերի հիմնադրամը, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Երևանում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը եւ Օրիֆլեյմը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031