Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. «Տեսեք՝ հյուրանոցներում որ երկրի դրոշն է փռված որպես ոտնաշոր»

Դեկտեմբեր 07,2020 14:42

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ հիմնադիր Արշակ Զաքարյանը վստահ է, որ ներկայիս իշխանությունը եկել է պատերազմով հողերը հանձնելու, ինչը լավ էլ կատարում է: Իսկ նրանք, ովքեր ասում են ճշմարտությունը, նշանակվում են դավադիր ու դավաճան:

Այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Արշակ Զաքարյանը իր այդ պնդումը հիմնավորեց սեփական օրինակով: «Օրինակն իմ վրա բերեմ: Նրանք պատերազմի հենց սկզբից ասել են, իբր ես փախել եմ Ալիեւի մոտ: Մարդ կա, զանգել, հարցնում է՝ Արշակ, քեզ բռնե՞լ են: Պատասխանում եմ՝ դու հիմա ո՞ւմ հետ ես խոսում: Պատկերացնո՞ւմ եք, վիրտուալ մանիպուլյատիվ միջոցներով այն աստիճան են մարդկանց ուղեղը լվացել, որ իմ հետ հեռախոսով խոսում են ու չեն հավատում, որ ես Ալիեւի կողքը նստած չեմ:

Կառավարության շենքի առջեւ հինգ օր հացադուլի եմ եղել: Իրավապահ մարմինները ինձ շատ լավ էլ գիտեն, ճանաչում են: Բայց մինչեւ հիմա մարդիկ կան, որ համացանցում գրում են, թե դավաճան, հենց գտնեն, ձերբակալելու են: Այսինքն, ինձ դեռ որոնում ե՞ն:

Այն, ինչ Ալիեւը երազում անգամ չէր կարող տեսնել, իրագործվեց այս իշխանությունների ձեռքով: Տեսեք, թե ինչպես են ադրբեջանցիները մեզ նվաստացնում, տեսեք, թե հյուրանոցներում որ երկրի դրոշն է փռված որպես ոտնաշոր, ինչպես են իրենց պահում անգամ Հայաստանի սահմանամերձ գյուղերում, որտեղ բանակցում եւ ինքնապաշտպանությունն իրականացնում են գյուղերի քաղաքացիական տղամարդիկ:

Իսկ մեր ոստիկանները, հատկապես՝ ամրակազմ, տեսեք ինչով են զբաղված: Փոխանակ կանգնած լինեն սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին, հանրահավաքներում պաշտպանում են ինչ-որ Քաջ Նազարի:

Մինչեւ հիմա թուրքերը մարդկանց են առևանգում ու տեսանյութերը տարածում են: Առևանգում են Հայաստանի Հանրապետության տարածքից: Իսկ մենք որպես առաջնային խնդիր դեռ խոսում ենք գերիներին վերադարձնելու մասին: Ամեն մի գերին, ինչպես քաջ գիտենք, ադրբեջանցու համար փող է: Իսկ թե ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացուն, կամ չի պաշտպանում, դեռ պետք է հետագայում պարզվի դատարաններում»,- ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031