Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին վարչապետ Փաշինյանի պատվին ոստիկանախեղդ էին արել՝ չնայած նրան «թթու» խոսք ասող չեղավ (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 07,2020 14:23

Երկրաշարժի զոհերի հիշատակն այսօր հարգելու էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ծաղկեպսակ դրեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված զոհերի հուշարձանին, այնուհետ իրեն մոտեցող մի քանի քաղաքացիների լսելով՝ արագ հեռացավ։

Լուսանկարը՝ Մանե Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

Նշենք, որ վարչապետի պատվին ոստիկանները փակել էին կենտրոնական փողոցները՝ անհարմարություններ ստեղծելով երթևեկության, հատկապես քաղաքային տրանսպորտի համար։

Վարչապետի անվտանգության աշխատակիցներն ու նաև տեղի ոստիկաններն այսօր ամեն կերպ խոչընդոտեցին լրագրողների մասնագիտական գործունեությունը, չթույլատրեցին տեղաշարժվել, նորմալ լուսանկարներ ու տեսանյութեր անել։ Նշենք, որ բավական ագրեսիվ էին պահում իրենց։

Չնայած անվտանգության խիստ միջոցառմանը՝ Նիկոլ Փաշինյանին Գյումրիում որևէ թթու խոսք ասող չեկավ:

Ընդհակառակը բազմության մեջ հայտնվեց մի կին՝ հորդորելով վարչապետին իրեն լավ նայել, ավելին` տիկինը հանդես եկավ գյումրեցների, այնուհետ ողջ հայ ժողովրդի անունից։

«Մենք քո հետ ենք, Գյումրու 99 տոկոսը քո հետ է, ես ասում եմ՝ որպես ազատամարտիկի մայրիկ։ Հանկարծ չեղնի ընկճվեք, հարգարժան վարչապետ, ամբողջ Հայաստանը քո կողքին է, էդ քանի հոգին որ եկել են հրապարակ, բոլորը ծախված 5 հազար դրամանոց են», -վարչապետի հեռանալու ամբողջ ընթացքում անդադար բացականչում էր տիկինը։

Զոհերի հիշատակը հարգելու էին եկել մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը, «Իմ քայլ»-ը խմբակցության մեկ-երկու պատգամավորներ ու ԲՀԿ-ական Արման Աբովյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ. Գ. Նկատենք, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում այս անգամ երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ անցկացնողը, առ Աստված աղոթք հնչեցնողը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չէր։ Այն ամենայն հավանականությամբ՝ սա կապված էր վարչապետի այցի հետ։ Հիշեցնենք, որ Սրբազանը խստորեն քննադատել էր Փաշինյանին, անդրադարձել նաև նրա պահվածքին։

Ավելի ուշ «Հրապարակը» ստացել էր Շիրակի թեմի առաջնորդի պարզաբանումները:

«-Սրբազան, մեզ համար անսովոր էր Ձեր բացակայությունը, քանի որ երկար տարիներ անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգստի կարգը մատուցելու արարողությունն անցկացվում էր Ձեր գլխավորությամբ։

-Ձեզ համար պարզ չէ՞ր, թե ինչու այնտեղ չէի․․․

-Այսինքն՝ երկրի առաջին դեմքի ներկայությու՞նն էր պատճառը։

– Այո, նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի»:

Աջապահյանը նաեւ հույս է հայտնել, որ մեր երկիրը գոնե շուտով կունենա այնպիսի ղեկավար, որն ի զորու կլինի երկիրը դուրս հանել այս ծանր կացությունից։ Ի դեպ, առավոտյան Յոթ վերք եկեղեցում ժողովրդի համար պատարագն անձամբ Սրբազանն էչ մատուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031