Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդն ապրում են մեր նորագույն շրջանի պատմության ծանրագույն ժամանակները: Պատերազմը տանուլ է տրված, Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիոն ամոթալի համաձայնագիրը: Վերջին երեսուն տարիների մեր պայքարի և հպարտության աղբյուրը՝ Ղարաբաղի մեծ մասը, կորսվել է: Կորսվում են նաև պատմական մեծարժեք Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը: Հայաստանի սահմանների հարցը դարձյալ ասպարեզում է և կարող է վտանգավոր լուծումներ ստանալ: Հայաստանի քաղաքացիների մեծ մասը հուսաբեկ է, երկիրը կանգնած է ներքին ցնցումներին դեմ հանդիման:
Թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ այս օրերին ես նամակներ եմ ստանում, ուր ինձ հարցնում են, թե որո՞նք են իմ առաջարկած ելքը և իրավիճակից դուրս գալու ուղիները: Եվ թեպետ ես շաբաթական պարբերականությամբ քաղաքական հոդվածներ եմ տպագրում, Ֆեյսբուքում ինձ մտահոգող խնդիրներին անդրադառնում, իմ տեսակետները հիմնականում հանրայնորեն հայտնի են, սակայն կարծես այդ ամենը բավարար չէ: Այդ նամակներն ինձ մղեցին ամբողջացնել ստեղծված բարդագույն իրավիճակից դուրս գալու իմ դիտարկումները և ներկայացնել Հայաստանի վերափոխման՝ իմ ծրագրային դրույթները:
Արհավիրքը կարող է արագորեն աճել, եթե մենք իրավիճակի հաղթահարման և Հայաստանի վերափոխման խնդիրների լուծման շուրջ շրջահայացություն չցուցաբերենք և շարունակենք անտեսել այն բարդ իրավիճակը, ուր հրել են մեզ: Սակայն նույնիսկ անդունդում հայտնված մարդը մտածում է այնտեղից դուրս գալու, վերքերը բուժելու և ջարդված հայացքը վերափոխելու մասին:
Մենք հին ժողովուրդ ենք՝ հին ժողովուրդներին հատուկ հարատևելու կամքով: Ես լիահույս եմ, որ այդ կամքը մեզ չի լքի նաև այսօր և կպարտադրի հաղթահարել պարտությունների բեռը:
Կարդացեք նաև
Ես առաջարկում եմ օրհասական այս վիճակից դուրս գալու և Հայաստանի վերափոխման իմ ծրագրային դրույթները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԻՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Ներքին քաղաքականություն և պետական կառավարում
• Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, հեռանա իշխանությունից և քաղաքականությունից:
• Նախկինների վարկաբեկված և կոռումպացված դեմքերը չպետք է իշխանության հավակնեն:
• Իշխանության մաս այլևս երբեք չպետք է կազմեն ՀՀ նախկին և ներկա նախագահներից և վարչապետներից և ոչ մեկը:
• Հայաստանից կողոպտվածը դրամ առ դրամ պետք է վերադարձնել պետական բյուջե՝ օրենքի տառին համապատասխան, միաժամանակ պետք է դադարեցնել քաղաքական հետապնդման ենթատեքստով բոլոր գործողությունները նախկին պաշտոնյաների նկատմամբ:
• ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պետք է պաշտոնանկ արվի:
• 2021թ. փետրվարի սկզբին պետք է ամբողջությամբ ընդունվեն ՀՀ Ընտրական օրենսգիրքն ու Կուսակցություններրի մասին օրենքը: Ընտրական օրենսգրքից պետք է հանել վարկանիշային քվեարկությունը, ընտրագրավի չափը սահմանել 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից ոչ ավել, համամասնականի և մեծամասնականի հարաբերակցությունը սահմանել 75/25 տոկոս հօգուտ համամասնականի, անցումային շեմը պետք է իջեցնել 3 տոկոսի: Նախընտրական դաշինքների ստեղծումը պետք է բացառել օրենքով:
• 2021թ. դեկտեմբերի 1-ին պետք է կայանան խորհրդարանի արտահերթ ընտրություններ:
• Նոր խորհրդարանը պետք է նախաձեռնի և մեկ տարվա ընթացքում ընդունի ՀՀ նոր Սահմանադրություն՝ հանուն հասարակական համերաշխության՝ քվեարկության դնելով թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական կառավարման տարբերակները:
• Սահմանադրությամբ պետք է դատաիրավական համակարգի վերափոխման սկիզբը դնել:
• Հայաստանի անվտանգության մարմինները պետք է համագործակցեն տարբեր պետությունների հետ, սակայն երբեք չեն կարող դառնալ այդ պետությունների պատանդը: Անվտանգության մարմինները ներքաղաքական գործընթացների մաս չպետք է կազմեն:
• Սահմանամերձ շրջանների ռազմավարական նշանակության ամրակայման խնդիրներով զբաղվող հատուկ գործառույթներով մարմին պետք է ստեղծել:
• Հայաստանում մինչև 2021թ. մարտի ամիսը 25 տոկոսով պետք է կրճատել պետական գերատեսչությունների, 70 տոկոսով՝ ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը, 50 տոկոսով՝ պետբյուջեի հաշվին գործողումները, 80 տոկոսով՝ պետական պարգևավճարները: Պետական բյուջեի ծախսերի յուրաքանչյուր դրամը պետք է խստորեն վերահսկվի:
• Պետական ոլորտի բոլոր մակարդակի աշխատակիցների աշխատավարձը ողջամտության սահմաններում պետք է բարձրացնել:
• Կոռուպցիան և կաշառակերությունը պետք է արմատախիլ արվի պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ առանց ներքին ցնցումներ առաջացնելու:
• Հայեցի և արդիական կրթության խնդիրը պետք է դառնա կրթական համակարգի հիմքը: Պետությունը բարձագույն կրթությունը պետք է դադարի դիտել որպես բիզնես ոլորտ:
• Հայոց լեզուն պետական լեզվին հարիր բոլոր իրավունքները և անառարկելի գերակա դիրքը պետք է ունենա: Հայոց լեզվի ուսուցումը պետք է պարտադիր դառնա նաև բուհերում: Հայաստանում Սահմանադրությամբ պետք է արգելվի երկրորդ պետական լեզվի գոյությունը:
• Բոլոր օտար լեզուները միմյանց հանդեպ պետք է ունենան նույն կարգավիճակը՝ առանց որևէ մեկի գերակա դիրքի:
• Բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը պետք է մինչև հաջորդ տարեվերջ բարձրացնել 30 տոկոսով:
Արտաքին քաղաքականության ոլորտում
• Հայաստանը Ռուսաստանի հետ ո՛չ թե պատային, ո՛չ թե կացնային, ո՛չ թե արբայնակային-վասալային հարաբերություններ պետք է կառուցի, այլ հայ-ռուսական երկկողմ, միջպետական արժանապատիվ, փոխշահավետ, իրավահավասար հարաբերություններ: Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի ինքնիշխանությունից մազ անգամ չպետք է պակասի:
• Հայաստանը չպետք է ո՛չ ռուսական ֆորպոստ դառնա, ո՛չ էլ հակառուսական ուժերի պլացդարմ:
• Մինչև 2021թ. տարվա մարտ ամիսը Հայաստանի խորհրդարանը պետք է չեղարկի 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը:
• Հայաստանը պետք է սկսի ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց:
• Հայաստանը Եվրամիության հետ նոր հարաբերություններ պետք է կառուցի՝ եվրաինտեգրման հնարավորինս մոտ հեռանկարով:
• ՆԱՏՕ-ի հետ բանակցություններ պետք է նախաձեռնել:
• Հայաստանը պետք է զենք-զինամթերք գնի ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ երկրներից: ՌԴ-ից գնվող զինամթերթի չափաբաժինները պետք է պակասեցնել:
• Հայաստանը պետք է չեղարկի նոյեմբերի 9-ի հակահայկական կապիտուլյացիոն պակտը և քննարկումներ սկսի նոր համաձայնագրի շուրջ:
• ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցելիս ոչ թե միայն ամերիկյան ֆինանսական աջակցություններին ապավինել, այլ հետամուտ լինել հայ-ամերիկյան քաղաքական, ռազմական, տնտեսական նոր պայմանագրերի ստորագրմանը և կենսագործմանը:
• Համահայկական կառույցներին պետք է կոնկրետ խնդիրներ առաջադրվեն: Սփյուռքը պետք է դառնա հայկական գործոնի, հայկական դիվանագիտության, Հայաստանի պետության հենարանը:
• Հայաստանը պետք է պատրաստ լինի աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին: Միաժամանակ, Հայաստանը չպետք է աշխարհաքաղաքական հակասությունների խառնարան նետվի:
• Այս ամենից հետո Ղարաբաղն ամբողջությամբ պետք է ազատագրել և վերամիավորել Հայաստանի հետ:
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Մամուլի ազգային ակումբի նախագահ
«Քաղաքական լիգայի» համակարգող