«Դուք ասում եք, որ նպատակ ունեք կառավարության հրաժարականին հասնելու, որը կարծում եմ, մեծամասնության նպատակն է, բայց սցենարը, որը դուք նկարագրում եք, կարծես թե ընդունելի չէ: Պատկերացնենք՝ դուք պահանջեցիք, եւ վարչապետը հրաժարական տվեց, որից հետո «Իմ քայլը» կընտրի իր սեփական թեկնածուին: Դրանից ի՞նչ է փոխվելու: Այդ սցենարով մի անգամ եւս երկարաձգելու ենք ճգնաժամը եւ վտանգի տակ ենք դնելու ՀՀ-ի գոյությունը: Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ ողջ խմբակցությունն է պատասխանատու այս իրավիճակի համար»,-ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանին այսպես դիմեց «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը:
Մարուքյանն արձագանքեց. «Հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց մենք ունենք իրողություններ: Ձեր ասածի լույսի ներքո այսօր խորհրդարանը պետք է ցրվի, որպեսզի «Իմ քայլը» դերակատարում չունենա, ընտրություններ պետք է լինեն, եւ կձեւավորվի նոր խորհրդարան: Բայց մենք նաեւ ունենք կոնսենսուս, որ հիմա ընտրություններ չի կարելի անել: Հետեւաբար, այդ 88 մանդատանոց իրողության հետ պետք է հաշվի նստել: Չենք կարող հաշվի չնստել: Սա իմ վերլուծությունն է: Այլընտրանք չկա դրան: Կարծում եմ՝ իրավիճակի եւ իրողությունների ճնշման տակ «Իմ քայլը» ուզի-չուզի՝ գալու է քննարկումների դաշտ: Ինչ վերաբերում է թեկնածուին, թող ասեն, որ ունեն ավելի լավ թեկնածու, օրինակ, որը կկարողանա բոլորին համախմբել, քննարկենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ