Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ես չեմ մեկնաբանում». Մանե Գևորգյանը՝ փորձառու հրամանատարներին հեռացնելու և Լելե Թեփեն գրավելու հրամանների առիթով պնդումների մասին

Դեկտեմբեր 07,2020 13:48

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ես չեմ մեկնաբանում»,- Aravot.am-ի հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնած այն տեղեկությունը, որ փորձառու հրամանատարները հրամանատարական բունկերից դուրս են հրավիրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Նա չցանկացավ ավելին ասել՝ պատճառաբանելով, թե չի ցանկանում այդ թեմայով մեկնաբանություններ անել:

Հիշեցնենք, իր վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը պարտության պատճառներից մեկը համարել էր փորձված, պատերազմի միջով անցած, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումը. «Հենց այդ օրերին, երբ մտա վետերանների միություն,տեսա բոլոր փառավոր վետերաններին այնտեղ հավաքված, ջղայնացա, ասեցի՝ այստեղ ի՞նչ եք անում, դուք ինչո՞ւ եք այստեղ, ամեն մեկդ մի ուղղությամբ պետք է իր վրա ինչ-որ բան վերցնի։ Ասում են՝ պարոն նախագահ մեզ նոր հանեցին այդ հրամանատարական կետից՝ վարչապետի հրահանգով։ Կոնկրետ Լևոն Մնացականյանը ասում է՝ մենք այնտեղ էինք Ջալալին օգնելու համար, մեզ ասացին, որ դուրս գանք, ասաց ուղղակի վարչապետը սելեկտորային ինչ-որ խորհրդակցության ժամանակ»:

Փաստեցինք՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն ասել է զինվորականներին՝ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, կպարգեւատրեմ: Այս առիթով նա հրապարակային մանրամասնել էր.  «Այդ օրերին, երբ սկսվեց փախուստը, կամ այսպես ասած նահանջը, մեր տարբեր մեքենաներում, եթերներում հնչում էր՝ «հաղթել ենք, հաղթում ենք», դա սկսեց մեզ ուտել: Իշխանության քարոզչություն էր՝ առանց գիտակցելու, թե ինչ է կատարվում առաջնագծում: ԱԱԾ-ն ունակ է ձայնագրությունը հանել, Մանվել Գրիգորյանի հետ զրույց է լինում, Մանվել Գրիգորյանն ասում է՝ Աշոտ, ի՞նչ վիճակ է, ես Ֆիզուլիում եմ գտնվում, ասում եմ՝ այնպիսի իրավիճակ է, մերոնք մինչեւ Հորադիզ խաչմերուկում են գտնվում, վտանգված է, տանկեր են հանել այդտեղ ու իրենք ուրախությամբ նշում են: Մեր երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, ոչ ադեկվատ վիճակում գտնվելով, միգուցե հարբած վիճակում հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, կպարգեւատրեմ: Անցնում են հարձակման ու հասնում Հորադիզ խաչմերուկ, ասում են՝ հասել ենք այդտեղ ու մեկին գեներալի կոչում են տալիս, մյուսին՝ հերոսի կոչում: Ուզում է նկարագրել, որ դուք տվել եք Լելե Թեփեն, ես ազատագրում եմ, այդ մեծամտությունը կար: Այդ ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը հարց է տալիս ինձ, ասում է՝ տանկերի հետեւից մեր զորքերը հասե՞լ են: Չներկայացնեմ, թե քանի տանկ ենք տվել թշնամուն, ինչքան զոհ: Եթե զորքը տանկերի հետ չեն գտնվում, մեր տանկերը դառնալու են թիրախ թշնամու համար, ինչպես եղավ: Ու զորքը սկսեց ահավոր նահանջ»:

Մանե Գևորգյանը կրկին խուսափեց ծավալուն մեկնաբանություններից, միայն ասաց. «Ես չգիտեմ՝ ովքեր են այդ տեղեկությունները տարածում, բայց այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ես չեմ մեկնաբանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031