«Ոչ թե մեզ չի հաջողվել «Իմ քայլին» բերել խորհրդարան…մենք որեւէ մեկին բերման ենթարկելու նպատակ եւ լիազորություն չունենք: Մենք հրավիրել ենք: Լավ կլիներ, որ գային եւ իրենք էլ իրեն տեսլականը ներկայացնեին»,-ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության բացակայության պայմաններում ինչպես է պատկերացնում հետպատերազմյան ճգնաժամից ելքը:
«Չեն եկել, բայց դա չի նշանակում, որ բոլոր հնարավորությունները սպառված են: Պետք է շարունակենք աշխատանք տանել, որպեսզի իրենց բերենք կառուցողական շփման դաշտ»,-նշեց Մարուքյանը:
Նա շեշտեց, որ երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու քայլերը որեւէ քաղաքական ուժ չպետք է սեփականաշնորհի. «Խորը միասնական մոտեցում է պետք: Խնդիրները ճիշտ են վերհանված, բայց խնդիրը լուծողը չի ուզում ընդունել, որ ինքն այլեւս չի կարող լինել խնդիր լուծող: Բոլորիս ջանքը դրան է միտված: Քաղաքական բանակցություններով նրան պետք է բերել այդ դաշտ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ