«Վերջին շրջանի գործողությունները ցույց են տալիս, որ «Իմ քայլը» խմբակցությանը մղում են շրջանակային պաշտպանության կամ անկյուն, որը սխալ քաղաքական մոտեցում է, որովհետեւ առանց «Իմ քայլը» խմբակցության՝ մենք չենք կարող առկա խնդիրները լուծել»,-ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Հետեւաբար, Իմ քայլը» խմբակցության կոնսենսուսը նույնպես անհրաժեշտ է, որպեսզի գանք խնդիրների լուծման դաշտ, ձեւավորենք անցումային համակարգը, որը կկարողանա խնդիրները քայլ առ քայլ կատարել: Մենք բոլոր ուժերի համար բաց ենք շփումների եւ համագործակցության համար, եթե մեր մոտեցումները եւ տեսլականը համընկնեն: Այդ դեպքում ԼՀ-ն, միանշանակ, իր ծառայությունները կներկայացնի՝ հանուն երկիրը կայունացնելու»,-նշեց նա:
Մարուքյանի խոսքով. «Մենք չունենք այլընտրանք, քան երկիրը ցնցումների չտանելը: Չեմ պատկերացնում, որ պատերազմը նման խայտառակ ձեւով պարտվելուց հետո մի հատ էլ երկրում հանգենք քաղաքացիական բախումների: Հուսամ՝ վերջին օրերին այդ մասին խոսվում է այն նպատակով, որ դա տեղի չունենա: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի դրանից խուսափենք»:
Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց. «Օր առաջ գործող վարչապետը պետք է փոխվի, որպեսզի վերականգնվի կառավարության հանդեպ վստահությունը, որպեսզի պետական ինստիտուտները վերականգնեն բնականոն գործունեությունը: Այդ ժամանակ, երբ ադրբեջանցիները գան եւ GPS-ով ասեն՝ մենք այստեղ ենք կանգնելու, իրենց կդիմավորեն մեր պետական մարմինները, ոչ թե գյուղապետերը եւ զինված կամավորականները. փառք իրենց»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ