Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բժշկականը եւ պոլիտեխնիկը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին

Դեկտեմբեր 07,2020 12:05

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ԵՊԲՀ գիտական խորհրդի, պրոֆեսորադասախոսական և բժշկական անձնակազմի, գիտաշխատողների և ուսանողների հայտարարությունը

​Մի քանի տարի շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կրթության ոլորտը կարգավորող (ԿԳՄՍ) նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ Կառավարություն, որի դրական եզրակացությամբ, սահմանված կարգով օրենքի ընդունման գործընթացը մեկնարկել է:

​Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (այսուհետ՝ Բժշկական համալսարան) Գիտական խորհրդում, այլ մարմիններում և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ խորհրդակցություններում ՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերունդները, Բժշկական համալսարանի իրավաբանական թիմը իրենց դժգոհությունն են հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ տարակուսելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի ժամանակաշրջանում օրենքն առանց վերջնական քննարկումների, հրատապ ընդունելու անհրաժեշտությունը:

Մանրամասն չենք անդրադառնա օրենքի նախագծի մեր համոզմամբ բոլոր խնդրահարույց կետերին՝ թողնելով դրանց մեկնաբանումը կրթության կազմակերպիչներին, սակայն նշենք դրանցից որոշները։ Նախագծում առկա են բուհերի ակադեմիական ազատությունների և ինքնակառավարման սահմանափակման դրույթներ, որոնք հաստատապես կհանգեցնեն ԲՈՒՀ-երի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը։

Նախագծում բացակայում են ուսանողների կրթության պետական աջակցությունը (օրինակ՝ փոխատեղման) սահմանող դրույթները:
Խորապես մտահոգված և վրդովված ենք օրենքով ակադեմիական անձնակազմի համար տարիքային սահմանափակումներ նախատեսելու հարցով, որը կարող է հանգեցնել բուհական գիտամանկավարժական համայնքի հնարավոր կազմալուծմանը:

​Գտնում ենք, որ տարիքային սահմանափակումների մասին օրենքի դրույթները որոշակիորեն հակասություն ունեն Հայաստանի Սահմանադրության 29 հոդվածի հետ, որով արգելված է ցանկացած տեսակի խտրականության դրսևորումը, այդ թվում՝ տարիքի հանգամանքով:

​Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանել է, որ. «…աշխատանք ընտրելու իրավունքը պետք է բոլորի համար երաշխավորված լինի անկախ տարիքային սահմանափակումից: Կենսաբանական այնպիսի գործոնը, ինչպիսին մարդու տարիքն է, որն ինքնին միանշանակ չի կարող ներգործել տվյալ անձի աշխատունակության և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների վրա, չի կարող դիտարկվել որպես աշխատանքից ազատելու հիմք»:
​Մինչդեռ օրենքի նախագծով դասախոսների աշխատանքը պայմանավորված է, ոչ թե աշխատունակությամբ և մասնագիտական հմտություններով, այլ նրա տարիքով:

Օրենքով կարող է սահմանվել տարիքի հետ չկապված այլ առանձնահատկություններ, այդ թվում մասնագիտական:
​Մենք՝ Բժշկական համալսարանի պրոֆեսորական, դասախոսական, գիտական աշխատողներս, պնդում ենք, որ օրենքով աշխատանքի հետ կապված սահմանային տարիք սահմանելը խտրականության դրսևորում է, արդարացված չէ և իրավաչափ չէ:

Բժշկական կլինիկական կրթության ապահովման համար մեկ այլ խնդրահարույց մոտեցում ենք համարում վարչական և կառավարչական պաշտոնների համատեղման (կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ) բացառումը, ինչը համալսարանական կլինիկական հիվանդանոցներում վստահաբար կառաջացնի երկիշխանություն, որի արդյունքում կտուժեն ինչպես կլինիկական կրթության, այնպես էլ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակը։

Եզրահանգելով, կոչ ենք անում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հեղինակներին հետ կանչել օրենքի նախագիծը հետագա քննարկումներ կազմակերպելու համար՝ ներգրավելով բուհերի ակադեմիական ներկայացուցիչների, կրթության կազմակերպիչների և իրավաբանների:

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՊՀ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈւՐԴԸ

Սիրելի´ պոլիտեխնիկցիներ,
արդեն մի քանի օր է ինչ տեղեկանում եք, որ կառավարության նիստում ընդունվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը առաջացնում է բավական հակասություններ։

Ուսանողական խորհուրդը իր խորը մտահոգությունն է հայտնում օրենքի նախագծի մի քանի հոդվածների մասին։ Այս նախագծի վերաբերյալ վստահ ենք լսել եք տարբեր կարծիքներ։ Այդ առիթով ցանկանում ենք ծանոթացնել օրենքի՝ ուսանողների համար կարևորագույն որոշ կետերին։

  • Ռոտացիայի խնդիր․ օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, անվճար համակարգով ընդունված ուսանողը պահում է պետության կողմից հատկացված անվճար տեղը, եթե ապահովում է 80 տոկոս բարձր գնահատական, ստացվում է՝ վճարովի համակարգով ընդունված ուսանողը զրկվում է հետագայում անվճար համակարգ անցնելու հնարավորությունից։

    Մեծ մրցույթ ունեցող ցանկացած կրթական ծրագրում անվճար սովորող ուսանողները և վճարովիներից շատերը ունեն 80%-ից բարձր գնահատականներ, ինչը արդեն իսկ այդ մակարդակում անիմաստ է դարձնում անվճարի համար պայքարն ու ռոտացիա հասկացությունը։ Օրենքի նախագծի այս կետը զրկում է ուսանողությանը բարձր գնահատականներ ստանալու մոտիվացիայից։

  • Բուհի բարձրագույն մարմնում՝ կառավարման խորհրդում, Ուսանողական Խորհուրդն ունի 25 տոկոս ներկայացվածություն, ինչի շնորհիվ կարողանում է բարձրաձայնել և ներկայացնել ուսանողների խնդիրները։ Կատարվող փոփոխությունների արդյունքում՝ այս մարմնի անդամների թիվը կրճատվում է, դառնալով՝ 12, ինչի հետևանքով նվազում է նաև ուսանողների ներկայացվածությունը, դառնալով 8 տոկոս, այսինքն` 1 ուսանող։
    Այս կետը արդեն բազմիցս բարձրաձայնել ենք և սա համաուսանողական խնդիր է, քանզի համալսարանի կառավարմանը ուսանողների մասնակցությունը հնարավորություն է տալիս տարբեր հարթակներում բարձրաձայնել ուսանողության ձայնը և հասնել ուսանողամետ լուծումների։

Ուսանողական խորհուրդը քննադատորեն է մոտենում օրենքի նման նախագծին՝ տեղեկացնելով, որ այն սպառնալիք է ուսանողության իրավունքներին ոչ միայն հիմա, այլ նաև ապագայում։ Կոչ ենք անում հաշվի առնել ուսանողության ձայնը, քանզի մենք ենք հանդիսանում մեր կրթության հիմնական շահառուն։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031