Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի ՝ ՌԴ խաղաղապահների հատուկ նշանակության բազմաֆունկցիոնալ բժշկական ջոկատները եւ զինվորական բժիշկներն արդեն Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում են:
Բժշկական բրիգադների կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտացումներով բժիշկներ, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության մասնագետներ, որոնք օգնություն են ցույց տալիս տեղական բնակչությանը նաեւ հեռավոր գյուղերում եւ շրջաններում:
Բնակչությունը ՌԴ խաղաղապահների բժշկական զորակազմի մասնագետներին հիմնականում դիմում է սիրտ-անոթային, էնդոկրին համակարգի հիվանդությունները բուժելու եւ ատամնաբուժական ծառայություններ ստանալու համար: ՌԴ հատուկ նշանակության բժշկական միավորումների կազմում ընդգրկված են ավելի քան 60 մասնագետներ՝ այդ թվում ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ, վարակաբաններ:
Այդ մասնագետները ԻԼ-76 ինքնաթիռով Ռուսաստանից Երեւան էին տեղափոխվել, ապա մեկնել Լեռնային Ղարաբաղ: Նշվում է, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի ստորագրած եռակողմ համաձայնագրի` նոյեմբերի 10-ից դադարել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ հայտարարվել է զինադադար, իսկ կրակի դադարեցման ռեժիմը վերահսկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ