Անցած հինգշաբթի՝ դեկտեմբերի 3-ին կառավարության նիստում իր դիմումի համաձայն Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, նա հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 30-ին։ Գեներալ-լեյտենանտ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018թ-ի հոկտեմբերի 16-ին։
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն, «ենթակա պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` տվյալ մարմնում մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:
Նույն օրենքի 19-րդ կետով «մարզպետարանում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով ենթակա պետական մարմնի համար սահմանված պահանջներին համապատասխան»:
Մարզպետարանում առաջին եւ երկրորդ տեղակալների պաշտոններ չկան, ուստի Սյունիքի մարզպետի երկու տեղակալներից ավելի ստաժավոր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 28-ամյա Նարեկ Բաբայանը։ Նա Սյունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել 2018 թվականի հունիսի 27-ից;
Կարդացեք նաև
Ըստ գործող օրենսդրության, փաստացի Սյունիքի մարզի ղեկավարն այս պահին Նարեկ Բաբայանն է։
Նշենք, որ նախկին մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել խորհրդական Գոռ Թադեւոսյանն ու օգնական Արտյոմ Իվանյանը։
«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքի մարզի կառավարմանը։ Իմ աշխատանքային գործունեության ողջ ընթացքում առաջնորդվել եմ Սյունիքի եւ սյունեցու շահով։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սյունիքի մարզպետ, գեներալ- լեյտենանտ Հունան Պողոսյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ Սյունիքի մարզպետարանի ողջ աշխատակազմին, Սյունիքի համայնքների ղեկավարներին եւ այն գերատեսչություններին, որոնց հետ արդյունավետ աշխատել ենք։ Մեր համագործակցությունը հիմնված է եղել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։ Սյունեցիները հերոս ժողովուրդ են, որոնք իրենց հերոսությունն ապացուցել են ինչպես արցախյան գոյամարտում (1992-1994թթ.), ապրիլյան հերոսամարտում, այնպես էլ այս պատերազմում։ Խոնարհվում եմ բոլոր զոհերի հիշատակի առաջ։ Այսօր էլ սյունեցին ամուր կանգնած է իր սահմանին եւ անառիկ է պահում Սյունիքի դարպասները։ Շնորհակալ եմ բոլոր սյունեցիներին, Սյունիքն անպարտ է, սյունեցին՝ անկոտրում։Ամուր կամք եւ տոկունություն եմ մաղթում բոլորիդ»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոռ Թադեւոսյանը:
Ծնունդով երեւանցի Արտյոմ Իվանյանը նույնպես Սյունիքում աշխատելը մեծ պատիվ է համարում իր համար։ «Սյունեցիները հերոս ժողովուրդ են եւ ես ինձ համարում եմ սյունեցիներից մեկը։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սյունիքի մարզպետ գեներալ- լեյտենանտ Հունան Պողոսյանին, ում հետ աշխատելը մեծ պատիվ է։ Շնորհակալ եմ մարզպետարանի աշխատակազմին եւ Սյունիքի համայնքների ղեկավարներին համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր սյունեցիներին աջակցության համար։
Մաղթում եմ բոլորիս խաղաղություն եւ առողջություն»,–իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտյոմ Իվանյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ