ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ռուս խաղաղապահներն ուղեկցել են ավտոբուսներով Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող մարդկանց: Մեկ օրվա ընթացքում Երեւանից Ստեփանակերտ է վերադարձել 859 փախստական: Ավտոբուսներն ուղեկցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի եւ ՌԴ ռազմական ոստիկանության ուժերի կողմից: Ռուս զինվորականներն ապահովել են շփման գծով անցնող ավտոբուսների անվտանգությունը:
Աղբյուրը նշում է, որ մինչեւ հիմա Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 34 հազար մարդ: Համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի ստորագրած եռակողմ համաձայնագրի` նոյեմբերի 10-ից դադարել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ հայտարարվել է զինադադար, կրակի դադարեցման ռեժիմը վերահսկում են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմը, որի կորիզը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 մոտոհրաձգային բրիգադի ուժերը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ