Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից. Արման Թաթոյան

Դեկտեմբեր 07,2020 09:17

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են, ուղիղ պատճառական կապի մեջ են: Խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլ նաև հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է: Սրանք մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ են:

Ընդ որում, առավել վտանգավոր են ոչ այնքան պարզապես հայասպանության կոչերը, այլ էթնիկ ատելության սերմանումը խորքային արմատներով: Օրինակ՝ Արցախի հետ կապված՝ Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումներն այն մասին, որ հայերը մզկիթներում պահում են կովեր ու խոզեր, պղծում են ադրբեջանական կրոնական հուշարձանները: Կամ կեղծ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն արժեքներ չունեցող երկիր է, որ արհեստականորեն ստեղծված է ադրբեջանական հողերի վրա:

Ադրբեջանական զինծառայողների վարքագիծն ու խոսքը իրենց իսկ կատարած ու հետո նկարահանած դաժանությունների տեսանյութերում հենց դա են հաստատում. ինչպես իրենք են նշում, «վրեժխնդիր են լինում, հագեցնում են արյան ծարավը» և այլն՝ ակնհայտ իմանալով, որ ոչ միայն մնալու են անպատիժ, այլ արժանանալու են իշխանական ու հասարակական մեծ գովասանքի:

Այսինքն՝ հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն խրախուսվում է մշակութային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ ընդ որում, հաճախ երեխաների հատուկ թիրախավորմամբ:

Վաղը կհրապարակենք կոնկրետ ու օբյեկտիվ ապացույցներով այս ամենը հիմնավորող, հատուկ սկզբունքով կազմված ծավալուն զեկույց՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031