Հազվադեպ է լինում, երբ դատարանը որեւէ նորմի սահմանադրականության հարցով դիմում է ՍԴ: Դատարանը դեկտեմբերի 3-ին հրապարակել է գրավոր ընթացակարգով քննված «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ըստ օրենսգրքի` «Պաշտպանին եւ ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը» վերտառությամբ 93-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով պաշտպանին հեռացնելը թույլատրվում է միայն պաշտպանյալի համաձայնությամբ»: Ըստ դիմողի կողմից բարձրաձայնված հարցի. «Օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը վտանգում է ինչպես ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող գործի քննության արդարացիության պահանջն ու դրա մասը կազմող՝ մրցակցության ու կողմերի միջեւ իրավահավասարության սկզբունքը, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորված՝ պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը»:
Սահմանադրական դատարան դիմող դատարանը նշել էր, որ օրենսդիրը, որպես քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը բացառող հանգամանք, ի թիվս այլնի, դիտարկել է նաեւ պաշտպանյալների շահերի միջեւ հակասության առկայությունը: Պաշտպանին վարույթից հեռացնելու հարցը կարգավորվում է ինչպես քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասով, այնպես էլ 70-րդ հոդվածի 7-րդ մասով: Մինչդեռ, ի տարբերություն օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի՝ 93-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխան հիմքով պաշտպանին վարույթից հեռացնելու համար նախատեսում է պայման, այն է՝ պահանջում է պաշտպանյալի համաձայնությունը: Դիմողը գտնում է, որ վերոնշյալ դրույթը հակասում է ինչպես օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասին, այնպես էլ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետին եւ նույն հոդվածի 4-րդ պարբերությանը:
Դիմողի համոզմամբ՝ վիճարկվող դրույթը, հակասելով վերը նշված իրավական նորմերին, ոչ միայն ստեղծել է իրավական անորոշություն՝ դրանով իսկ առաջացնելով անհամապատասխանություն Սահմանադրության 79-րդ հոդվածի հետ, այլեւ այդպիսի իրավական նորմը վտանգում է ինչպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ գործի քննության արդարացիության պահանջն ու դրա մասը կազմող՝ մրցակցության ու կողմերի միջեւ իրավահավասարության սկզբունքը, այնպես էլ Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորված՝ պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Ամփոփելով իր դիրքորոշումները՝ դիմողը խնդրում է որոշել օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 63-րդ, 64-րդ, 79-րդ հոդվածներին:
Կարդացեք նաև
Պատասխանող կողմ ներգրավված՝ ԱԺ պաշտոնական ներկայացուցիչ՝ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի պատասխանի համաձայն, «դատական պաշտպանության իրավունքը կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքների եւ դրանց իրականացման միջոցների այնպիսի ամբողջություն է, որն իրական հնարավորություն է տալիս պաշտպանելու վերջիններիս օրինական շահերը։ Բացի անձանց օրինական շահերի պաշտպանության երաշխիք համարվելուց, այն նաեւ արդարադատության իրականացման կարեւորագույն երաշխիք է»։
Ըստ պատասխանողի՝ անձանց պաշտպանության իրավունքի մեջ ներառված իրավունքների շարքում իր առանցքային բնույթով առանձնանում է պաշտպան ունենալու իրավունքը։ Պաշտպան ունենալու իրավունքն անձին վերապահված բոլոր իրավունքներից հիմնականն է, այն հանդես է գալիս որպես կասկածյալի կամ մեղադրյալի մնացած բոլոր իրավունքների իրականացման երաշխիք։ Ուստի, քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուրի՝ դատապաշտպանի կողմից արդյունավետորեն պաշտպանվելու իրավունքն արդար դատաքննության հիմնարար հատկանիշներից մեկն է։
Պատասխանողի գնահատմամբ՝ անձի կամարտահայտությունը՝ ուղղված անձամբ պաշտպան ընտրելուն, պաշտպանության իրավունքի իրականացման համար անվերապահ պայման է, ինչն ինքնանպատակ չէ, եւ դրա հիմքում ընկած է պաշտպանի եւ պաշտպանյալի միջեւ վստահության անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումը։ Ըստ պատասխանողի՝ Օրենսգրքի 70-րդ հոդվածը կարգավորում է պաշտպանին քրեական վարույթին ներգրավելու ընդհանուր հիմունքները եւ սկզբունքները, իսկ 93-րդ հոդվածը՝ վերջինիս վարույթից հեռացնելու հիմքերը։ Ուստի, վերոնշյալ դրույթները ոչ թե հակասում են միմյանց, այլ փոխլրացնում մեկը մյուսին։
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը եւս հաստատում է, որ փաստաբանը կարող է իրավաբանական օգնություն ցույց տալ այն դեպքերում, երբ նա պետք է ներկայացնի վստահորդի շահերը որեւէ գործում, եւ այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, եւ վերջինս տալիս է իր գրավոր համաձայնությունը։ Այս դեպքում եւս պատասխանողը գտնում է, որ դիմողի կողմից բարձրացված կարգավորումների միջեւ հակասություններ չկան։
Ըստ ՍԴ-ի`«Դիմումի ուսումնասիրությունը, ինչպես նաեւ ներկայացված փաստարկների վերլուծությունը վկայում են, որ դիմումում առաջադրված հարցերից մեկը, այն է՝ վկայակոչված իրավանորմերի միջեւ ենթադրյալ հակասության արդյունքում առաջացող իրավական անորոշության առկայությունը, ենթակա չէ Սահմանադրական դատարանին, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի (այդ թվում՝ դրա անորոշությամբ պայմանավորված) սահմանադրականության հարց, այլ գործող նորմի կիրառման իրավաչափության հարցեր, որոնք Սահմանադրական դատարանի քննության առարկա չեն»:
Սահմանադրական դատարանն արձանագրեց նաեւ, որ օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 93-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից միանշանակ բխում է, որ նույնիսկ պաշտպանյալների շահերի միջեւ հակասության առկայության (93-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված) դեպքում թույլատրվում է միեւնույն քրեական գործով մեկից ավելի կասկածյալների կամ մեղադրյալների՝ մեկ պաշտպան ունենալը, եթե առկա է պաշտպանյալի համաձայնությունը: Ըստ Սահմանադրական դատարանի, իրավաբանական օգնություն ստանալու, անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքներն ստացել են սահմանադրական եւ միջազգային իրավական ամրագրում: Մասնավորապես, քրեական մեղադրանքի քննության ժամանակ անձամբ կամ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը նախատեսված է նաեւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետով։
Միաժամանակ, ՄԻԵԴ-ը նշում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի՝ պաշտպանության կողմի իրավունքների վերաբերյալ պահանջները դիտարկվում են որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող արդար դատաքննության իրավունքի առանձնակի գործոններ:
Սահմանադրական դատարանը կարեւոր է համարում արձանագրել, որ օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 93-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի ձեւակերպումներից բխում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ անձանց պատշաճ կերպով նախազգուշացնել միեւնույն 13 քրեական գործով մեկից ավելի կասկածյալների կամ մեղադրյալների՝ մեկ պաշտպան ունենալու հնարավոր բացասական հետեւանքների մասին՝ կապված պաշտպանյալների շահերի միջեւ հակասության հետ, ներառյալ պաշտպանի՝ պաշտպանյալներից մեկի հետ ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ գտնվելը: Ըստ ՍԴ-ի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում էր Սահմանադրությանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2020