Բժշկական համալսարանի ուսանողը կարեւոր շեշտադրում է անում
Հայկ Մարգարյանը Մ.Հերացու անվան բժշկական համալսարանում դեռ մեկ տարի էր սովորել, երբ 2016 թվականին զորակոչվեց բանակ։ Նա ցավով է նշում, որ իր ծառայած երկու զորամասերն այսօր հայերի վերահսկողության տակ չեն։ Զորացրվելուց հետո նոր ուժերով Հայկը ուսումը շարունակում է։
Նա սեպտեմբերի 29-ից կամավորագրվել է առողջապահության նախարարության` Արցախից վիրավորների տարհանման խմբում եւ այդ առաքելությանը հավատարիմ է մնացել մինչեւ նոյեմբերի 9-ը։
– Հայկ, գիտեմ, որ բավականին ծանր օրեր էին։ Արդյոք դու պատկերացնո՞ւմ էիր, որ կարող է ամեն ինչ այդպես լինել։
Կարդացեք նաև
– Իրականում շատ ծանր էր։ Վնասվածքները, անդամախեղումները հիմնականում շատ խորն էին ու ծանր։ Դժվար էր մտածելը, թե հետագայում ինչ կլինի, ինձ համար միայն վիրավորների վիճակն էր կարեւոր այդ օրերին։ Դե իհարկե Ստեփանակերտում, Կարմիր շուկայում եւ այլ տեղերում մենք տեսնում էինք այլ իրադրություն, իսկ հետո, Հայաստան վերադառնալուց ամբողջովին այլ պաշտոնական տեղեկատվություն էր շրջանառվում։ Բայց դե երբեք մտքներովս չէր անցնի, որ հարցը այսպիսի՝ մեզ համար ծանր լուծում կստանար։
– Սա պատերազմ էր մի քանի ճակատով։ Ի՞նչ փոխվեց քո մեջ այս ընթացքում։
– Իհարկե, մեզ համար թիվ մեկ մարտական ճակատը հետեւյալ խնդիրն էր՝ վիրավորին կայուն վիճակով հասցնելը նշված կլինիկան: Տարբեր տեսակի վիրավորումներ, վնասվածքներ ծառայության ժամանակ էլ եմ տեսել, բայց այս անգամ դրանց ծավալն ու ծանրության աստիճանն ամբողջությամբ այլ էր: Դրանք պահանջում էին մեծ ուշադրություն եւ մշտական բժշկական միջամտություններ, ինչպես նաեւ խնամք։ Պատերազմի ընթացքում անկեղծ ասած շատ- շատ մեծացավ եւ ամրապնդվեց կարեկցանքի եւ խնամք տանելու պարտավորությունը պացիենտի հանդեպ։
– Եղե՞լ են այնպիսի դեպքեր, որ քո հիշողության մեջ միշտ կմնան` որպես միակն ու կարեւորը։
– Ճիշտն ասած, մեր խումբը ռեանիմացիոն էր եւ մեր հիմնական վիրավորները ծանր էին եւ անգիտակից. հետեւաբար շատ շփումներ չեն եղել: Բայց կար մի ժամկետային զինծառայող, որ տպվել է հիշողությանս մեջ: Ինչքան հզոր էր, ինչքան ուժ կար այդ վիրավորված վիճակում նրա մեջ …ուրիշ էր, ուղղակի կամքի հսկա էր այդ զինվորը։
Զրույցը`
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2020