Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան պատերազմը ջրի երես հանեց մեր հասարակության բոլոր հիվանդությունները

Դեկտեմբեր 07,2020 12:00

Որտե՞ղ պետք է փնտրել մեր պարտության արմատները…

1996թ. փետրվար ամիսն էր: Սովորում էի ՀՀ պետական կառավարման դպրոցի առաջին կուրսում (այժմ ակադեմիա): Այդ օրվա դասախոսության թեման վերաբերում էր երկրում արտակարգ իրավիճակների պայմաններում պետության կառավարման խնդիրներին: Դասախոսության ընթացքում, որը կարդում էր Ֆրանսիայից ժամանած մի գեներալ, անդրադարձավ նաեւ մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ Հայաստանում տիրող բարոյահոգեբանական ու սոցիալ-տնտեսական իրավիճակին: Տեսնելով, որ գեներալը բավականին լավ տեղեկացված է Հայաստանում ընթացող գործընթացներից, հարցրեցի. «Ձեր կարծիքով ինչպե՞ս է լինելու Հայաստանի ապագան»: «Լավ չի լինելու», պատասխանեց նա, մի պահ դադար տվեց եւ շարունակեց. «Քանի դեռ ձեր համար պետականությունն ու ազգային արժանապատվությունը գերագույն արժեք չեն, դուք նյութապաշտ եք եւ փառասեր, ամեն առավոտ Ձեր երկրում 3,5 միլիոն Բոնապարտ Նապոլեոն է արթնանում»:

Իսկ մենք, չգիտես ինչու, մեր անհաջողությունների պատճառը ոչ թե մեր, այլ ուրիշների ու ճակատագրի մեջ ենք փնտրում՝ կամ Արեւմուտքին ենք մեղադրում, կամ Ռուսաստանին, կամ թուրքին, կամ էլ՝ մեր թշնամուն զենք վաճառողին… Մինչդեռ մենք դժգոհելու իրավունք չունենք, ամեն ինչ մեր մեջ պետք է փնտրենք: Իսկ Աստված ու ճակատագիրը մեր՝ հայերիս նկատմամբ բարեհաճ են գտնվել: Մենք տաղանդ, ազնվագույն արմատներ, հաճելի արտաքին, այլ եզակի շնորհներ եւ Աստծո սերն ունեցող ազգ ենք: Մեզ տրվել է ավետյաց երկիր, հրաշք երկիր` հարուստ բնաշխարհ, բերրի հող, լավագույն ջրերից մեկն աշխարհում ու անսահման արեւ: «Չարժե մտածել, թե աշխարհը ձեզ ինչ-որ բան պարտական է, նա ձեզ ոչինչ պարտական չէ, նա գոյություն է ունեցել մինչեւ ձեզ դեռ շատ վաղուց»,- գրել է Մարկ Տվենը: «…Հայի նմանը ողջ աշխարհում չկա, քանի որ ոչ մի այլ ժողովուրդ չի սպասում, որ օտարը գա ու իրենց փրկի»,-ասել է բրիտանացի արեւելագետ Լոուրենս Արաբացին: Իսկ Նժդեհն ասում էր. «Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում: Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու»:

Իսկ այսօրվա դառն իրականության հիմքերը տանում են պատմության խորքեր, երբ շուրջ 1,5 հազարամյակ առաջ՝ պետականություն կորցնելուց հետո կամաց-կամաց հեռացել ենք մեր ազնվագուն արմատներից եւ մինչեւ այժմ գտնվում ենք արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խորը ճգնաժամի մեջ: Պատմությունը վկայում է, որ պարտվել, պետականություն ու տարածքներ ենք կորցրել, մասնատվել, բաժանվել ու ենթարկվել ենք ցեղասպանության՝ նախ եւ առաջ ժողովրդի, եկեղեցու, իշխանների ու նախարարների անհամերաշխության, պառակտման ու դավադրությունների արդյունքում: Վառ օրինակ՝ Բագրատունյաց թագավորության վերջին ժամանակաշրջանը, Կիլիկիայի հայոց թագավորության կործանումը կամ 2020թ. նոյեմբերին Արցախի դավադիր հանձնումը Ադրբեջանին: Իսկ երբ համախմբվել ենք, անպայման ունեցել ենք հաղթանակներ:

Պատահական չէ, որ դեռեւս մ.թ. շուրջ 500 տարի առաջ Պարսկաստանի արքա Դարեհ առաջինն ասել է. «Հայերին հնարավոր չէ հաղթել, հայերին կարելի է միայն բաժանել»: Իսկ Արցախում ստացանք պատերազմ ու պարտություն այս իշխանության ապաշնորհ կառավարման, անհավասարակշիռ ու անգրագետ դիվանագիտության, ներքաղաքական անկայունության, անհամերաշխության, հարեւանների ու մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում: Մեր հիշողությունը կարճ է, այդպես էլ դասեր չենք քաղում պատմությունից եւ արդյունքում երբեմնի մեծ ու հզոր հայրենիք ու պետականություն ենք կորցրել ու մի կտոր հողի վրա մնացել ենք մի բուռ ժողովուրդ: Հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը ժամանակին գրել է. «Շո՛ւնչդ տուր, հոգի՛դ տուր, բայց հայրենիքդ մի՛ տուր ուրիշին»:

Իսկ Նժդեհն ասում էր. «Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն»: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դա արդյունք է մեր անհեռատեսության, միամտության, դյուրահավատության, անիրատեսության, փառասիրության ու նյութապաշտության, քաղաքական անհասունության ու պետականությանն ու քաղաքական գործընթացներին լուրջ չվերաբերվելու եւ պետական մտածողության բացակայության: Այս ազգը, որ զարմացրել է իր տաղանդով, աշխատասիրությամբ, քաջությամբ, եւ աշխարհին տվել է Տիգրան Մեծ, Մաշտոց, Նարեկացի, Թումանյան, Նժդեհ, Չարենց, Կոմիտաս, մարշալներ եւ շատ այլ տաղանդավոր մարդիկ, 2018թ. ապրիլին անհասկանալիորեն իշխանության բերեց եւ պետություն վստահեց մարդկանց, որոնցից շատերը տգետ, ազգուրաց, անհայտ ծագման, բարդույթներ ունեցող, ամբարտավան, փառամոլ, բանակից խուսափած, չհասունացած ու անփորձ, որեւէ արժանիք, վաստակ ու պետական մտածողություն չունեցող պատահական մարդիկ էին: Դեռեւս հին հույն փիլիսոփա Անտիսֆենն է մ.թ. 350 տարի առաջ ասել, որ. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»:

Իսկ Նապոլեոնը գտնում էր, որ. «Բոլոր անբարոյականություններից ամենամեծը՝ դա այնպիսի գործ ձեռնարկելն է, որ չես կարողանում անել»: Փոխանակ լրջանալու եւ այս իշխանություններից՝ երկրում արմատական բարեփոխոմներ եւ պետականաշինությանն ու սահմանների պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլեր պահանջելու, ազգովի հիանում էինք վարչապետի հեծանիվ վարելով, ձի հեծնելով կամ նրա անլուրջ, անհասկանալի ու անհավասարակշիռ պոպուլիստական վարքագծով: Իսկ պետությունը լուրջ բան է, պետություն կառավարելը դա բացառապես իմաստուն, ազնվագույն ծագում, կազմակերպչական ունակություններ, փորձառություն ու գիտելիքների մեծ պաշար ունեցող մարդկանց գործ է: Թվում էր, թե մեր կորուստներն ու անհաջողությունները պայմանավորված են դարերով անկախ պետականություն չունենալու հանգամանքով եւ մենք այդքան երազած պետականության նկատմամբ կտածենք յուրահատուկ պաշտամունք:

Սակայն ահա թե ինչ է գրում Հովհաննես Թումանյանը առաջին հանրապետության կորստից հետո՝ 1921թ. դեկտեմբերի 9-ին Կ.Պոլսից՝ Վենետիկում գտնվող Ավետիք Իսահակյանին. «…Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ… Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց…»:

Իսկ 1919 թ. Անաստաս Միկոյանը Լենինին հայկական հարցի եւ հայկական պետականության վերաբերյալ գրած նամակում հանդես է գալիս պրոթուրքական դիրքերից եւ առաջարկում է փակել հայկական միասնական պետության կազմավորման հարցը: 1991թ. անկախ 3-րդ հանրապետությունում էլ չնայած եղան ձեռքբերումներ՝ հաղթանակ ղարաբաղյան պատերազմում ու ձեռքբերումներ պետականաշինության ոլորտում, սակայն դրա հետ միասին անկախության ընդամենը 30-ամյա պատմության ընթացքում ունեցանք ոչ քիչ դավադրություններ սեփական պետության ու ժողովրդի նկատմամբ՝ 1996թ. սեպտեմբերի-25, 1999թ. հոկտեմբերի-27, 2008թ. մարտի-1, 2018թ. ապրիլ եւ 2020թ. նոյեմբերի 10 /Ի դեպ, հինգից երեքի դեպքում գլխավոր դերակատարը եղել է Նիկոլ Փաշինյանը/:

Իսկ վերջին 2.5 տարում օտար ուժերի հովանավորությամբ իրականացված 2018թ. ապրիլյան հեղափոխություն կոչված ավանտյուրայի արդյունքում ունեցանք՝ ամբոխի իշխանություն, այլակարծության մերժում, պառակտված հասարակություն, հետապնդումներ, անհանդուրժողականություն եւ ազգային անվտանգությանը սպառնացող, ատելության, բանսարկության ու չարության մթնոլորտ: Կանգնեցինք դարերով պահպանված ազգային արժեքների՝ ձեւավորված ազգային սովորութային-մշակութային նորմերի խեղաթյուրման, հայկական ավանդական ընտանիքի խարխլման, կրթության փլուզման, հայի ինքնության այլասերման, եկեղեցու ու պետական ինստիտուտների արժեզրկման փաստի առջեւ, ինչը հետեւողականորեն բերեց պետության թուլացմանը եւ այսօրվա պարտությանը: Ինչպես կարող է պետականության ու անկախության բարոյական իրավունք եւ հուսալի ապագայի ակնկալիք ունենալ մի ազգ, որի մի զգալի հատվածը պաշտպանում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված՝ հայոց պատմության ամենաամոթալի, նվաստացուցիչ ու ողբերգական գործարքներից մեկը եւ այն ստորագրած ու հային՝ թուրքի առաջ ծնկի բերած եւ երկիրը աղետալի ու օրհասական վիճակի հասցրած վարչապետին: Նժդեհը գտնում էր, որ. «Երբ պետության զգացողությունը դուրս է գալիս ժողովրդի միջից, ապա այդ ժողովուրդը դադարում է ժողովուրդ լինելուց եւ դառնում է ամորֆ զանգված»:

Կարծում եմ դեռ ժամանակը կբացահայտի հայ ժողովրդի ու հայոց պետականության նկատմամբ իրականացված այս դավադրության սոցիալ-հոգեբանական շարժառիթները, տեխնոլոգիաներն ու կազմակերպիչներին, թե ինչպես այս երկրի համար ոչ մի ծառայություն, վաստակ ու արժանիք չունեցող անձինք հայտնվեցին Հայաստանի առաջին դեմքերի շարքում: Անցյալի կրկնություն թույլ չտալու համար կարծում եմ, որ նոր Ազգային ժողովում պետք է իրավականից բացի, տալ անկախության տարիների իշխող կուսակցությունների ու կառավարությունների քաղաքական ու բարոյական օբյեկտիվ գնահատական: Գտնում եմ, որ առաջիկայում հայ ժողովրդի հիմնական խնդիրը պետք է լինի ազգի իրական ընտրանուն իշխանության բերելը, հայի ազնվագույն կերպարի վերականգնումը՝ առողջ, բարոյական բարձր արժեքներ կրող հասարակություն ունենալը եւ հայի ու Հայաստանի կորսված արժանապատվությունն ու վարկը վերականգնելը:

Եթե մենք չսթափվենք, չլրջանանք եւ չփոխվենք, ապա կարող ենք պետականություն եւ մեր հայրենիքի մնացած մասն էլ կորցնել: Հուսով եմ, գոնե այս անգամ դաժան փորձությունը մեզ կբերի իմաստություն եւ խոհեմություն: Հայ խիզախ զինվորն ու հայ ժողովուրդը Արցախում ապացուցեցին հայի հավերժ լինելիությունը, սակայն պարտվեցինք նենգ դավադրության արդյունքում, իսկ ադրբեջանցին երբեւէ չի կարող հաղթել հային: «Ղարաբաղում նպատակահարմար չէ կռվել. ադրբեջանցիները կռվել չգիտեն, հայերին հաղթել չի լինի»,- 90-ական թվականների սկզբին ասել է Չեչնիայի ղեկավար Շամիլ Բասաեւը: Իսկ այս ազգուրաց իշխանության գոյության ամեն րոպեն սպառնալիք է մեր պետության ու ժողովրդի համար: Իլհամ Ալիեւին ուզում եմ հիշեցնել իր իսկ խոսքերը. «Պատերազմը դեռ չի ավարտվել, դեռ միայն ճակատամարտն է ավարտվել»:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

«Առավոտ» օրաթերթ
05.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031