Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն փորձելու են էլի վերադառնալ այս տարածաշրջան իրենց սասանված դիրքերը վերականգնելու համար»

Դեկտեմբեր 07,2020 14:30

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ պետք է աշխատել ԵՄ-ԱՄՆ տանդեմի հետ եւ փորձել վերականգնել այն խախտված հավասարակշվածությունը, որ կա Մինսկի խմբի ձեւաչափում:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ այս պահին ֆորմալ առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը վտանգված չէ, ձեւաչափը կմնա, բայց այս ձեւաչափի հեղինակությունն է սասանված: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց՝ ստացվում է, որ Ռուսաստանը փորձում է Մինսկի խմբի ձեւաչափից առանձին իր խաղը տանել: Այս առիթով նա պարզաբանեց. «Ինչ-որ առումով նաեւ խրախուսում էր Ադրբեջանին կասկածի տակ դնել այդ ձեւաչափի արդյունավետությունը: Նույնը նաեւ Թուրքիան էր պնդում՝ ասելով, որ Մինսկի խումբը չի կարողանում այդ հարցը լուծել: Հիմա էլ է պնդում՝ հայտարարելով՝ տեսեք 30 տարի Մինսկի խոմբը չկարողացավ հարցը լուծել, բայց մենք այս հարցը լուծեցինք: Այսինքն՝ Ռուսաստան եւ Թուրքիա տանդեմը, նաեւ Ադրբեջանն այս տարիների ընթացքում ամեն ինչ արեցին, որպեսզի վարկաբեկեն Մինսկի խմբի ձեւաչափը, ստեղծեն դրան զուգահեռ իրենց ձեւաչափը եւ տանեն իրենց խաղը»:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ փաստացիորեն, հասան նրան, որ Մինսկի խմբի դիրքերը թուլանան, այս կոնկրետ ձեւաչափում թուլացել են նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքերը, նաեւ ընկել է նրանց հեղինակությունը:

Արմեն Վարդանյանին հիշեցրինք՝ վերջին օրերին եվրոպական կողմից ակտիվություն է նկատվում: Օրինակ՝ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելը դժգոհել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Եվրամիությանը դուրս են մղում արցախյան հարցից: Նա հայտարարել էր. «Եվրամիությունը պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ միության շահերն են առկա։ Այդ պատճառով, անհրաժեշտ է վերացնել մեր ներուժի բազմաթիվ բացեր ու ներկա լինել, ակտիվ գործել այնտեղ, որտեղ մեր շահերն են»:

Դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման հայտարարեց. «Անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները: Բովանդակային բանակցությունները պետք է շարունակվեն, որպեսզի հասնենք համաձայնագրի իրագործմանը, հասնենք հակամարտության խաղաղ, համակողմանի լուծմանը երկարաժամկետ կտրվածքով»:

Մեր հարցին՝ ի վերջո հիմա կարո՞ղ է ԵՄ-ն ինչ-որ բան փոխել, թե՞ պահն անցավ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Դա պայմանավորված է նրանով, որ իրենք արդեն իսկ հասկացել են, որ իրավիճակից դուրս վիճակում են հայտնվել. Թուրքիան ու Ռուսաստանն իրենց դուրս են մղել այս տարածաշրջանից եւ նաեւ այս հակամարտությունից, ինչը եղավ նաեւ Սիրիայի դեպքում. այն դեպքում ԱՄՆ-ին դուրս մղեցին, եւ հարցերը լուծվում էին Իրան, Թուրքիա, Ռուսաստան ձեւաչափով: Պատահական չէ, որ Եվրոպայի դիվանագիտական ղեկավարը նաեւ հայտարարել է, որ ըստ երեւույթին Ղարաբաղի հարցը վերածվում է մի նոր աստանայացման՝ Աստանայի ձեւաչափի: Նպատակն է Թուրքիա, ՌԴ, նաեւ Իրան այս հակամարտությունը վերածել Աստանա երկու ձեւաչափի: Նոր եվրոպական կողմը հասկացել է, որ ինքը դուրս է մնացել եւ փորձում է վերադառնալ: Այս տեսանկյունից ես ինչ-որ տեղ նաեւ դրա հետ եմ կապում Ֆրանսիայի սենատի եւ ազգային ժողովի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւը: Սրանով հղում է կատարվում, որ չպետք է ԵՄ-ին դուրս հանել խաղից եւ նաեւ ինչ-որ առումով ճնշումներ լինեն Ադրբեջանի վրա»:

Մեր հարցին՝ այս քայլերն արդյունք կունենա՞ն, թե՞ պիտի ավելի վաղ լիներ Եվրոպայի կողմից այս ակտիվությունը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այո, պիտի ավելի վաղ լիներ: Եվրոպական կողմը, ցավոք, միայն հայտարարություններով էր սահմանափակվում, այն դեպքում, երբ ՌԴ-ն ու Թուրքիան գործնական քայլեր էին անում: Եվ ի վերջո հասան նրան, որ իրենց ձեռնտու ձեւով բաժանեցին Ղարաբաղը: Ռուսաստանը հայտնվեց մի մասում Ղարաբաղի, իսկ մեծ մասն անցավ ադրբեջանա-թուրքական տիրապետության տակ: Այստեղ նաեւ դեր խաղաց ԱՄՆ-ի պասիվ քաղաքականությունը՝ մեկուսացման քաղաքականությունը:

Դոնալդ Թրամփն ամբողջովին ԱՄՆ-ին դուրս է թողել այս տարածաշրջանային հակամարտությունից եւ այդ պատերազմական օրերին ավելի շատ մտածում էր ընտրությունների, վերընտրվելու մասին: Այժմ կարծում եմ Ջո Բայդենը կփոխի ԱՄՆ արտաքին քաղաքական ուղղությունը նաեւ այս ուղղությամբ, Ջո Բայդենը հայտարարել է, որ պետք է սերտացնի հարաբերությունները Եվրամիության, եվրոպական դաշնակիցների հետ, քանի որ դրանք նաեւ վատացել էին Թրամփի օրոք: Այս տեսանկյունից այստեղ համագործակցության դաշտ կա: ՀՀ իշխանությունները պետք է աշխատեն ԵՄ-ԱՄՆ տանդեմի հետ եւ փորձեն վերականգնել այն խախտված հավասարակշվածությունը, որ կա այս ձեւաչափում: Անպայման ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն փորձելու են էլի վերադառնալ այս տարածաշրջան՝ իրենց սասանված դիրքերը վերականգնելու համար: Այս տեսանկյունից կարծում եմ նրանց ու մեր շահերը համընկնում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Միամիտ միք լինի,ԱՄՆ-ն և Եվրամիությունը պասսիվ էին,որովհետև համոզված էին ,որ իրենց դաշնակից Թուրքիան կզբաղեցներ Ռուսաստանի տեղը…….Ղարաբաղյան հակամարտության ,,լուծման,,գործում:Նրանք կհամաձայնեին ցանկացած լուծման՝առանց Ռուսաստանի.նույնիսկ հայերի նոր ցեղասպանության գնով…..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031