Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմական տեղեկատվության ճիշտն ու սուտը. ի՞նչ էր տեղեկացնում Նիկոլ Փաշինյանը – 2

Դեկտեմբեր 06,2020 23:47

Նոյեմբերի 27-ին, դիմելով ՀՀ եւ ԱՀ «հպարտ քաղաքացիներին եւ սփյուռքի հպարտ հայությանը», իր բնութագրմամբ`այս դժվար օրերին ազգային «հպարտությունը եւ ազգային արժանապատվությունը պահպանելու» նպատակով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմի ողջ ընթացքում ժողովրդին ասվել է ճշմարտությունը եւ ասվել է պատերազմին հատուկ կանոններով : Պատերազմի ընթացքում ասված ճշտի եւ ստի մասին հրապարակային բանավեճին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԳՇ նախկին պետ, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանի`ասուլիսում արած այն պնդումից հետո, որ պատերազմի ժամանակ սուտը պետք է լինի իրականության 30 տոկոսը, սակայն, մեզ մոտ գերազանցել է 100 տոկոսը :

Իսկ թե ի՞նչ է ներկայացվել պատերազմի օրերին հանրությանը`Aravot.am-ն արդեն մեկ հրապարակմամբ անդրադարձել է՝ ներկայացնելով պատերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանրությանը փոխանցված տեղեկատվությունը: Մեր երկրորդ հրապարակումը վերաբերվում է հոկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածին:

Հոկտեմբերի 15- ին Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է Հանրապետության նախագահին ներկայացրած միջնորդության մասին՝  գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Նաեւ՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:

Ապա տեղեկացնում է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Այդ օրը հանրությունը տեղեկանում է նաեւ  Նիկոլ Փաշինյանի՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի մասին:

Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը խոսում է «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին՝ փաստելով. «Այդ սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։
Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում եւ վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի եւ Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս։ Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա»։

Նաեւ տեղեկացնում է, որ մասնակցել է զոհված շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին. «Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի: Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի»:

Նույն օրը՝ հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ ելույթում ասում է. «Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար դիմիր քո զինկոմիսարիատ եւ հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը Դու՛ ես»։

Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիական Liberation թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Այս իրավիճակում Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության: Հակառակ դեպքում հայերին սպառնում է ֆիզիկական ոչնչացում եւ էթնիկ զտում»:

Հոկտեմբեր 18-ին Իտալական «Կորիերե դելլա Սերա»-ին տված հարցազրույցում կրկնում է «անջատում հանուն փրկության» թեզի անհապաղ-անհրաժեշտությունը:

Հոկտեմբեր 19-ին Նիկոլ Փաշինյանը գրում է.

«1.Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։

2.Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

3.Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։

4.Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով։

5.Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։

6.Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»:

Ավելի ուշ՝ նոյեմբերի 29-ին , Նիկոլ Փաշինյանի հանգամանալից անդրադարձով հոկտեմբերի 19-ի իրադարձություններին՝ Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու տարբերակին չհամաձայնելու առիթով ՌԴ նախագահի հայտարարության համատեքստում, առավել հասկանալի է դառնում այս գրառման իմաստը:

Հոկտեմբեր 20-ին Նիկոլ Փաշինյանը հանգամանալից պատմում է պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի կողմից խոցված շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին, եզրահանգելով նրան, որ կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին:

Ապա տեղեկացնում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին ազգային հերոսի կոչման արժանացնելու մասին:

Հոկտեմբերի 21-ին տեսաուղերձով է դիմում հանրությանը՝ Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք ընկրկի, չենք կոտրվի: Արձանագրելով, որ հարցի կարգավորումն այս փուլում դիվանագիտական լուծում չունի, որ Ադրբեջանը փոխզիջումների պատրաստ չէ, Նիկոլ Փաշինյանն ասում է. «Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին: Այս գործընթացն արդյունավետ ու շարունակական կազմակերպելու պարագայում է, որ մենք կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիան, համաձայն չէ: Հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Առանց Արցախի չկա Հայաստան»:

Նույն ուղերձում արձանագրում է. «Առաջնագծում բավական բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում հակառակորդին»:

Ապա ստեղծված վիճակի եւ մեր անելիքների մասին քայլեր է առաջարկում

1. Ձեւավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
2. Ընտրել հրամանատար:
3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
6. Հաղթել:

Հոկտեմբեր 22-ին Հրանտ Մաթեւոսյանին է մեջբերում.

«Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

Հոկտեմբերի 23-ին տեղեկացնում է, որ այցելել է առաջնագծում վիրավորված մեր հերոսներին, նկարներ է հրապարակում:

Հոկտեմբերի 24-ին Սասուն Միքայելյանին է տեսակցում, կրկին նկար է հրապարակված:

Հոկտեմբերի 25-ին տեղեկացնում է, որ հանդիպել է Ֆրանսիայից ժամանած պատգամավորներին եւ շնորհակալություն հայտնել՝ այս դժվար պահին մեր երկիր այցելելու եւ հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Նաեւ՝ միջազգային լրատվամիջոցներին տված մի քանի հարցազրույցներ են հրապարակվում:

Հոկտեմբերի 26-ի ընթացքում տեղեկացնում է.

-Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։

-Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

-Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին:

Ապա՝ «Հերթական ձախողված հրադադարի մասին. թասիբը պետք է եռա Հայաստանում եւ Արցախում» վերնագրով ուղերձում կրկին արձանագրում է, որ Ադրբեջանը ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլեւ Ղարաբաղի կապիտուլյացիա: Ապա հայտարարում է, որ հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի եւ հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի՝ իր իրավունքները պաշտպանելու համար:

Նույն ուղերձում նաեւ խոսում է մարտի դաշտից փախածների՝ հանրային ուժեղ պարսավանքի մասին: Այդ օրն առաջին անգամ քարտեզ էր հրապարակվել մարտի դաշտում ունեցած մեր անհաջողությունների մասին, դրանց հիմքը Նիկոլ Փաշինյանը համարում է այն, որ ՀՀ-ում կա բժշկի եւ քաղաքացի, որոնց հանցավոր համաձայնության արդյունքում ի հայտ է գալիս փաստաթուղթ՝ քաղաքացու կորոնավիրուսով հիվանդ լինելու ու այդ պատճառով մարտի դաշտ մեկնել չկարողանալու մասին: Դա նա համարում է դավաճանություն:

Հոկտեմբերի 27-ին «Ամեն ինչ հանուն Արցախի, բոլորս հանուն Արցախի» վերնագրված ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասում է . «Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս. Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան: Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական եւ անշրջելի հաղթանակի մասին լուրին: Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները»:

Հոկտեմբերի 28-ին տեղեկացնում է ՊԵԿ նախագահի հետ աշխատանքային խորհրդակցության մասին, որը զարմանալի տեղեկություն է հայտնում.

«Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա։ Սա մեր հանրության դիմակայունության կարեւոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։

Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը։

Հոկտեմբերի 29-ին կրկին տեսաուղերձ է հղում.

Արցախը կանգուն է մնալու։ Ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ:

Հոկտեմբերի 30-ին՝ հարցազրույցներ եվրոպական մի քանի լրատվամիջոցների:

Հոկտեմբերի 31-ին՝ հարցազրույց Al Arabiya հեռուստաալիքին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031