Բերձորի եւ Աղավնոյի տեղահանված բնակիչները այսօր հավաքվել էին Ավետիք Իսահակյանի արձանի մոտ՝ բողոքելու այն իրավիճակից, որում հայտնվել են: Նրանք Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններից պաշտոնական հստակ պատասխան են պահանջում. Բերձոր քաղաքը, Աղավնո եւ հարակից եւս մի քանի գյուղերը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջին դեմքերի ստորագրած եռակողմ հայտարարության արդյունքում հայկակա՞ն են, թե՞ հանձնվել են Ադրբեջանին:
Փախստական դարձած արցախցիները լրատվամիջոցներին պատմեցին. «Դեռ պատերազմի ժամանակվանից մեզ հակասական բաներ էին ասում եւ հակասական առաջարկներ անում՝ դուրս եկեք, չէ՝ մնացեք, հետո էլի դուրս եկեք: Չենք հասկանում, պետություն կա՞, թե չկա: Մեզանից շատերը դեռ 90-ականների սկզբին են Հայաստանից տեղափոխվել Արցախ, մասնավորապես, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք եւ հարակից գյուղեր: Զրոյից շենացրել ենք այդ բնակավայրերը, տուն ու տեղ դրել, անգամ թուրքի գոմից դպրոց ենք սարքել, ստեղծել ենք ենթակառուցվածքներ, աշխատել ենք ու լավից-վատից ապրել: Հիմա հայտնվել ենք անհասկանալի վիճակում: Մեզ ճիշտ հասկացեք:
Մենք երազում ենք վերադառնալ մեր տներ: Բայց ուզում ենք հասկանալ ու պատկան մարմիններից պահանջում ենք հստակ պատասխան տալ՝ Բերձորը հայկակա՞ն է, թե ոչ, Արցա՞խ է, թե՞ ոչ: Մենք գրեթե ամբողջ այս պատերազմի ընթացքում մնացել ենք Բերձորում, մեր տղամարդիկ կազմակերպել եւ պատրաստ են եղել ինքնապաշտպանության: Ինչո՞ւ Քաշաթաղը հանձնեցին ու մեզ վերջին պահին հորդորեցին լքել մեր տները: Ու հիմա էլ կոնկրետ ոչ մի բան չգիտենք:
Ասում են՝ խաղաղապահներն են վերահսկելու: Բայց նրանք, որքան տեղյակ ենք, վերահսկելու են ընդամենը 8 մետր լայնությամբ ճանապարհը, որից ադրբեջանցիներն էլ են օգտվում, այլ ոչ թե Բերձորն ու գյուղերը ամբողջությամբ: Եթե Բերձորը, Աղավնոն Արցախի կազմում են, ուրեմն պետությունը պարտավոր է սահման ունենալ ու սահման պահող զինվոր՝ ապահովելով բնակչության անվտանգությունը: Իսկ եթե Արցախի կազմում չէ, այդ դեպքում մենք իսկապես չգիտենք ինչ անել: Պաշտոնյաները արցախցիներին հորդորում են տուն վերադառնալ: Մենք ո՞ւր գնանք, Գնանք մի քանի հարյուր մետրի վրա ապրենք ադրբեջանցի զինյալների հետ կողք-կողքի՞: Ինչպե՞ս: Այդ հորդորողները իրենց ընտանիքի անդամներին կուղարկե՞ն:
Մենք ուզում ենք հասկանալ մեր ճակատագիրը: Եթե հնարավոր չի լինելու մեր վերադարձը, պիտի որ կարգավիճակ ունենանք: Այստեղ սոցիալական ծրագրեր կան, բայց դրանք բազմաթիվ թերություններով են կազմված: Օրինակ, ֆինանսական աջակցություն ստանում են Քաշաթաղի գրանցում ունեցող, սակայն վաղուցվանից Հայաստանում բնակվող անձինք, իսկ նրանք, ովքեր ամբողջ պատերազմի ընթացքում եղել են այնտեղ ու միայն ղեկավարության հորդորով են ստիպված եղել լքել իրենց բնակավայրերը, այդ ծրագրերում ընդգրկված չեն:
Մենք հասկանում ենք, որ Հայաստանն ու Արցախն այսօր առաջնահերթ խնդիրներ ունեն լուծելու՝ գերիների ու անհետ կորածների խնդիրները: Մենք նրանց բոլորին անվնաս տուն վերադառնալ ենք մաղթում: Պատրաստ ենք սպասել, միայն թե մեր եղբայրների հարցը դրական լուծվի: Բայց պետությունն էլ պիտի հաշվի առնի, որ առջեւում ձմեռ է, ու փախստականները պետք է կարողանան այն մի կերպ հաղթահարել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ