Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը նոյեմբերի 9-ին, ժամը 21:21-ին ֆեյսբուքի իր էջում մի գրառում է կատարել, որով անդրադարձել է վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական գործիչներին։
«Քանի որ ազգը պետք է իր «XERոսներին» դեմքով ճանաչի, տեղադրում եմ այն մարդկանց անունները, որոնք պատերազմի ամենավճռական պահին պահանջում են վարչապետի հրաժարականը։ Այս ցուցակին դեռ շատ ենք անդրադառնալու, ձեռքներիդ տակ ունեցեք՝
Հրանտ Բագրատյան / «Ազատություն» կուսակցություն
Գառնիկ Իսագուլյան / «Ազգային անվտանգություն» կուսակցություն
Ավետիք Չալաբյան / «Ազգային օրակարգ»
Վազգեն Մանուկյան / «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
Արամ Հարությունյան / «Ազգային համաձայնություն» կուսակցություն
Տիգրան Ուրիխանյան / «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն
Գագիկ Ծառուկյան / «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Սուրեն Սուրենյանց / «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն
Զարուհի Փոստանջյան / «Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (այստեղ խառն է վիճակը, դրա համար անուն չեմ գրում)
Սարգիս Ավետիսյան / «Համերաշխություն» կուսակցություն
Մկրտչյան Վահրամ / «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն»
Սերժ Սարգսյան / ՀՀԿ
Խոսրով Հարությունյան / Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն
Արթուր Վանեցյան / «Հայրենիք» կուսակցություն
Արթուր Ղազինյան / «Մեկ Հայաստան» կուսակցություն
Հայկ Բաբուխանյան/ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն»,- գրել է պարոն Կուբատյանը։
Կարդացեք նաև
«Հանրային ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է․«1.Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս դրսեւորում են անկողմնակալություն՝ բացառելով որեւէ խտրականություն։
2. Հանրային ծառայողը, ծառայության առանձնահատկություններին համապատասխան, ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքականապես չեզոք է»:
Նշենք, որ այս գրառումը պարոն Կուբատյանը կատարել է այն ժամին, երբ դեռ Արցախում պատերազմական գործողությունները շարունակվում էին, եւ դեռ այդ գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությունը ստորագրված չէ, այն ստորագրվեց եւ հանրությանը տեղեկացվեց գրառումից մի քանի ժամ հետո։
Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդամենը գրել է, թե որ կուսակցության առաջնորդն ով է․ «Որեւէ ուրիշ բան չկա այդտեղ»։
Արդյո՞ք այս գրառմամբ օրենք չի խախտում եւ քաղաքական չեզոքության, խտրականության բացառման մասին կետերը չի խախտել, պարոն Կուբատյանն այսպես պատասխանեց․«Ես իմ պարտականությունները կատարելիս չեմ գրել դա, եւ ոչ մեկին չեմ պիտակավորել, ոչ մի այլ բան չեմ գրել»։
Արդյոք «XERոսներին» դեմքով ճանաչի» արտահայտությունը տեղի՞ն է եւ հեգնանք չի՞ պարունակում, այս հարցին էլ ի պատասխան պարոն Կուբատյանն ասաց․ «Հերոս բառի մեջ հեգնանք կա՞, ուղղակի լատինատառ է։ Ես պարզ գրել եմ՝ որ կուսակցություններն են, եւ մարդիկ պետք է իմանան, որ այդ կուսակցությունների հետեւում ովքեր են կանգնած։ Այն ժամանակ դա ակտուալ էր, հիմա երեւի մարդիկ ավելի լավ գիտեն այդ կուսակցությունների հետեւում կանգնած մարդկանց»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ