Հրանտ Պետրոսյանին և նրա կնոջը՝ Լիաննա Բաբայանին 22 տարի առաջ պատերազմը միավորեց և արցախյան 44-օրյա պատերազմն էլ բաժանեց:
Aravot.am-ի հետ զրույցում Լիաննա Բաբայանն անսահման կարոտով, հուզմունքով ու արցունքն աչքերին էր պատմում ամուսնու մասին: Անսահման բարի, բոլորին օգնող, երեխայասեր Հրանտ Պետրոսյանը սեպտեմբերի 27-ին կամավոր մեկնել էր Արցախ: Կինը պատմեց՝ 10 օր եղել է Մարտունիում, հետո մի քանի օրով հետ է եկել, որից հետո իրեն ջոկատ են տվել, և որպես հրամանատար է գնացել Մարտունի: Հրանտ Պետրոսյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ընդունել ամուսնու՝ կամավորագրվելու որոշումը, տիկին Լիաննան պատասխանեց. «Ես արդեն իր բնավորությունը գիտեմ, որովհետև առաջին անգամ չէ ինքը գնում. իրեն չէի կարող ասել՝ մի գնա: Նա ասում էր՝ որ ամեն մեկը նստի իր կնոջ կողքին, կամ մտնի մահճակալի տակ, բա մեր հայրենիքի վիճակն ի՞նչ կլինի: Դրա համար ինքը չասեց էլ՝ հաջողություն, այլ թողեց ու գնաց…»:
Կարդացեք նաև
Հրանտ Պետրոսյանն արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ է եղել առաջնագծում՝ Հորադիզում: Ոտքերից վիրավորվել է, ստացել է կանտուզիա, ինքնաթիռով բերել են հիվանդանոց, երեք վիրահատություն է տարել, մինչև մահանալը բեկորը ոտքի մեջ էր: Կինն ասում է՝ ամուսինն ամեն զանգելիս միշտ ուրախ է եղել, իր խոսքով՝ դեռ ամուսինն էր իրեն «դուխ տալիս». «Ես թևաթափ էի, ինքն ասում էր՝ լավ կլինի: Հրանտը շատ բարի, հայրենասեր մարդ էր: Որ հայրենասեր չլիներ, չէր գնա նորից պատերազմ, էս անգամ էլ գնացել էր՝ որպես կամավոր: Նա 2016-ին էլ էր գնացել որպես կամավոր. Մարտունի 2-րդում էր»:
Լիաննա Բաբայանը պատմեց՝ ամուսինը պատերազմի օրերին սկզբից օրը մեջ էր զանգում, ամուսնուն խնդրել է՝ ամեն օր զանգել, իհարկե, առանձապես որևէ բան խոսել չէր լինում, բայց ուզել է՝ գոնե ամեն օր ամուսնու ձայնը լսել: Մեզ հետ զրույցում իրենց հեռախոսային խոսակցություններից որոշ մանրամասներ հիշեց. «Ասում էր՝ ինձ մոտ ամեն ինչ լավ է: Կոդերով էինք խոսում ՝ ասում էր յուղը տժժցրել ենք, հեսա կարտոֆիլը կլցնենք. դա նշանակում էր՝ թուրքերը հեսա կգան: Տենց ուրախ խոսում էր, լավ էր, բայց հետո վերջին օրերին չէր զանգում: Մի հեռախոսահամար տվեց, ասաց՝ այդ համարով զանգեք. ԱԹՍ-ները, որ գալիս են, դեռ հեռախոսը չանջատած արդեն սկսում են կրակել: Ասում էր՝ մի զանգեք: Համար տվեց, ասաց՝ դրանով կարող եք զանգել: Մեկ օր զանգեցի, երկրորդ օրն առավոտյան վեր կացա, որ զանգեմ, ինքը զանգեց, ասաց՝ այդ համարով էլ մի զանգիր: Երրորդ օրն իր մահացած եղբորն էր տեսել երազում, ինքը մի բան զգում էր, զանգել է աղջկաս հետ խոսել. դա վերջին անգամն էր, որ խոսել ենք իր հետ: Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, դեպքը եղել է: Սկզբից վիրավորվել է ոտքերից: Իրենք թշնամուն դեմ դիմաց կռվում էին: Զինակից ընկերները պատմում են՝ հինգ հոգով էին բարձրացել վերև, Հրանտը նկատել է թուրքերին, եթե նկատած չլիներ, ամբողջը կվերացնեին: Այդպես սկսվել է կռիվը: Իր կողքին կռվող ընկերը՝ մեր գյուղից Սոկրատն է վիրավորվել սկզբից, հետո Հրանտն է վիրավորվել: Ասել է տղերք՝ ինձ կպավ, հարցրել են՝ որտե՞ղ կպավ, ասել է՝ չգիտեմ, բայց ոտքերիցս արյուն է գալիս: Հետո ուզել է կրակել, դիպուկահարը խփել է իրեն. սև թոքին է խփել, ու Հրանտն արնաքամ է եղել»:
Ամուսնու զոհվելու մասին սկզբում չեն ասել Լիաննային ու իր որդուն: Մեզ հետ զրույցում տիկին Լիաննան պատմեց՝ իրեն խաբել, ասել են, թե ամուսինը Գորիսում վիրավոր է, բայց երբ բոլորը հավաքվել են, պատրաստվել են, տիկին Լիաննան հասկացել է, որ իր ամուսինը զոհվել է: Հրանտ Պետրոսյանն ունի մեկ որդի, մեկ դուստր: Դուստրն ամուսնացած է՝ երեխաներ ունի, որդին 20 տարեկան է՝ հաշմանդամություն ունի: Տիկին Լիաննան արցունքն աչքերին ասաց՝ ամուսնու թաղումը եղել է հոկտեմբերի 26-ին՝ հենց տիկին Լիաննայի ծննդյան օրը:
Մեզ հետ զրույցում տիկին Լիաննան պատմեց՝ ամուսինը բոլորին օգնում էր. գիշերվա կեսին էլ որ զանգեին, առանց հարցնելու՝ ուր է գնում, ում համար է գնում, միանգամից դուրս էր գալիս, գնում, հասնում օգնության: Պատերազմի օրերին էլ է մարդկանց օգնել: Կինը հիշեց. «Մեր հարևանը տղային չէր գտնում, Հրանտը բոլորին խառնել էր, վերջը մեր հարևանի տղային գտավ, թոքաբորբով բերեց տուն: Այ, այդպես հասնող էր Հրանտը»:
Տիկին Լիաննան, չկարողանալով զսպել վիշտն ու հուզմունքը, պատմեց՝ ամուսինը շատ երազանքներ ուներ, բայց ավաղ… Նա լաց լինելով ասաց. «Չհասցրեց տղային իր նպատակին հասցնել, ասաց՝ տուն կսարքեմ, երազում էր՝ երջանիկ ապրել, բայց մեր տունը քանդվեց…»:
Լիաննա Բաբայանն ասում է՝ ուրիշ տղամարդու հետ երևի կյանքում ապրել չկարողանար, նրա կարծիքով՝ կնոջ համար երեխան, ծնողն իր տեղն ունեն, բայց ամուսնու տեղը յուրահատուկ է: Իրենց առաջին հանդիպման մասին լացով հիշեց. «Մենք արդեն 22 տարի ամուսնացած էինք: Ես տարիներ առաջ բուժքույր էի աշխատում Օրբելու վրայի վերականգնողական կենտրոնում, Հրանտին այնտեղ էին բերել: Իրար այդտեղ ենք տեսել, ու մեր կյանքը մի ճանապարհով գնաց 22 տարի ու այդպես էլ վերջացավ…»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Լիաննա Բաբայանը