Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթահարել սթրեսը կրթության միջոցով. «Դասավանդիր Հայաստան»-ը արտակարգ կրթություն է իրականացնում Հայաստանի 7 մարզերում

Դեկտեմբեր 06,2020 17:23

«Դասավանդիր, Հայաստան»-ը նախաձեռնել է «Դասավանդիր առ հույս» արտակարգ կրթության ծրագիրը՝ Հայաստանի տարբեր մարզերում գտնվող արցախցի երեխաների կրթության իրավունքն իրացնելու նպատակով։

Aravot. am-ի հետ զրույցում արտակարգ կրթության համակարգող Սոսե Ղազարյանը պատմեց, որ ծրագրի գաղափարն առաջացել է արցախցի աշակերտների մոտ ապագայի հանդեպ հույս սերմանելու և հայրենիքի հանդեպ իրենց հավատն ու մոտիվացիան հաստատուն պահելու համար։

Սոսեի խոսքով՝ ծրագրի գլխավոր նպատակներից է՝ օգնել երեխաներին հաղթահարել սթրեսը կրթության միջոցով։

Ծրագրի սկիզբը դրվել է Տավուշի մարզում, սակայն արդեն ներառվել են Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերը, և նախատեսվում է ավելացնել նաև Արմավիրն ու Լոռին։

«Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 1-3 ամսով՝ կախված իրավիճակից, սակայն լիահույս ենք, որ «Դասավանդիր առ հույսը» ավելի երկար կյանք կունենա, և մենք նախատեսում ենք հնարավորության դեպքում ծրագիրը շարունակել նաև Արցախում։ Այս պահին ծրագրի շրջանակներում ներառվել են 50-ից ավելի ուսուցիչների, որոնց մենք անվանել ենք «Արտակարգ կրթության գծով օգնականներ», ովքեր ունեն համակարգման թիմեր՝ տեխնիկական և դասավանդման հարցերում աջակցելու համար»,- նշեց Սոսեն։

Խոսելով արտակարգ կրթության ընթացքում ուսուցիչներին հանդիպած դժվարություններից՝ Սոսեն նշեց, որ ծրագրի շրջանակներում ընդգրկված մանկավարժները հիմնականում բախվել են աշակերտների ընտանիքների հետ համագործակցության խնդիրներին, որոնք կապված են եղել ծնողների սթրեսային վիճակի հետ. «Մեր ուսուցիչները հաճախ էին բախվում այդ խնդրին, երբ ծնողները չէին գիտակցում, որ երեխային պետք է օգնել սթրեսը հաղթահարել նաև կրթության կամ հետաքրքիր խաղերի միջոցով, այդ իսկ պատճառով սկսեցինք նաև հոգեբանական աշխատանքներ իրականացնել ծնողների հետ»։

Լիլիթ Տոնոյանը, որն Արցախի Քաշաթաղի շրջանից է, ևս միացել է «Դասավանդիր առ հույս» ծրագրին։

Լիլիթի ծնողները Թալինից Արցախ էին տեղափոխվել առաջին Արցախյան պատերազմից հետո, որտեղ դպրոցում մաթեմատիկա և ֆիզիկա են դասավանդել։

Ծնողների առաքելությունը շարունակելով՝ Լիլիթը ևս փորձում է կրթության միջոցով արցախցի երեխաներին ավելի լուսավոր ապագայի հույս տալ։

«Քաշաթաղում տարբեր ծրագրեր եմ իրականացրել և հենց Արցախում սկսել էի երեխաների հետ աշխատանքը։ Անցած տարվանից ամուսնուս հետ Դիլիջան տեղափոխվելու միտք ունեինք, երբ պատերազմը եղավ՝ վերջնական տեղափոխվեցինք այստեղ»,- նշում է Լիլիթը։

Այժմ Լիլիթն ու իր ընտանիքը փորձում են իրենց կյանքը վերագտնել Հայաստանում։ Նրա խոսքով՝ կորուստը շատ ծանր է ու ցավալի, բայց այսօր իրենք միայն նորից ոտքի կանգնելու մասին են մտածում. «Արցախից եկած մարդկանց այս պահին ամենաշատն անհանգստացնում է իրենց ապագայի ոչ հստակությունը։ Եթե ես ավելի շուտ նպատակներ ունեի Տավուշ տեղափոխվելու, ընտանիքս ապրում էր Քաշաթաղում և նման մտադրություն չուներ, հետևաբար իրենց օրինակով էլ հասկանում եմ, որ Արցախից տարհանված մարդկանց ամենաշատն անհանգստացնում է իրենց հետագայի անհստակությունը»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031