Լրահոս
Օրվա լրահոսը

Ուտեստ արցախյան խոհանոցից՝ Կորկոտ (տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2020 16:19

Պատերազմի, այնուհետեւ՝ հետպատերազմյան շոկի պատճառով «Նաեւ հացիվ» շարքը չէր թարմացվել երկու ամսից ավելի: Սակայն, ի վերջո, որոշեցինք վերականգնել այն, ու կսկսենք Արցախի խոհանոցին հատուկ մի ուտեստով, որը կոչվում է «Կորկոտ» կամ «Կուրկուտ»:

Կորկոտ կամ կուրկուտ են անվանում նաեւ թեփահան արված, ծեծած ցորենը, այլ կերպ ասած՝ «սպասի ձավարը», որով էլ պատրաստվում է այս ուտեստը: Շատ հագեցնող, իսկական ձմեռային ճաշ է, որը պատրաստել են խաշի նման՝ ողջ գիշեր եփվել է թոնրի մեջ, առավոտյան հավաքվել են մեծ ընկերախմբով, կերել են՝ թթվով, թթի կամ հոնի օղիով եւ անցել իրենց գործերին: Կորկոտ են պատրաստում նաեւ հարսանիքների ժամանակ կամ հարսանիքներին նախորդող գիշերը, երբ հարկավոր էր առավոտյան կուշտ ուտել, որպեսզի հարսանեկան երկար ծեսի ընթացքում քաղցի զգացողությունը չխանգարեր:

Անհրաժեշտ մթերքները

Կորկոտ (ձավար)- 500 գրամ

Խոզի միս-800 գրամ

Գլուխ սոխ-2 հատ

Բուսական յուղ- կես բաժակ

Աղ, կարմիր պղպեղ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խոզի միսը (կարելի է պատրաստել նաեւ ոչխարի, տավարի կամ սագի մսով, բայց Արցախում առավել ընդունված է հենց խոզի միսը) նախապես կտրատել, համեմել աղով եւ կարմիր պղպեղով:

Կորկոտը լավ լվանալ եւ թրջել առնվազն 4-5 ժամով:

Սոխը մաքրել, կտրատել շերտերով եւ տապակել բուսական յուղի մեջ:

Ծանր, ցանկալի է չուգունե կաթսայի հատակին շարեք մի շերտ միս, ընտրեք ամենայուղոտ եւ ոսկորոտ կտորները: Վրայից լցրեքլ մի շերտ կորկոտ, ապա՝ նորից մի շերտ միս, կրկին՝ կորկոտ, վերջում էլի միս, վրայից՝ տապակած սոխը: Այս ամենի վրա ձեր ճաշակով աղ արեք, ապա լցրեք սառը ջուր՝ այնքան, որ ամբողջությամբ ծածկի մթերքները, երկու մատ էլ ավելի: Ծածկեք կափարիչով:

Դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Մոտ 3,5-4 ժամ եփվելուց հետո անջատեք ջեռոցը եւ թողեք եւս մեկ ժամ, որից հետո կարող եք մատուցել: Ցանկալի է մատուցել թթվով կամ բանջարեղենային աղցանով:

Իսկապես շատ համեղ եւ հագեցնող ուտեստ է:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031