Բերձորից վերջին օրերին հեռացած Նելի Թադեւոսյանը խիստ անորոշության առջեւ է հայտնվել։ Նա աշխատել է Քաշաթաղի վարչական շրջանում, իսկ հիմա Հայաստանում, փաստացի, գործազուրկ է:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նելին ասաց. «Մենք ժամանակին չորս վարկ ենք վերցրել: Երեխաներիս ուսման վարձն էի վճարում, տան համար կահույք էի գնել: Հիմա տունս կահույքով մնացել է Բերձորում, իսկ վարկային պատմություններիս ճակատագիրն անորոշ է: Բերձորցիները շնորհակալ են Հայաստանի իրենց քույրերին ու եղբայրներին, որոնք իրենց կեցության վայր են տրամադրել: Բայց որքա՞ն կարող ենք նեղություն պատճառել մարդկանց: Ոչ աշխատանք ենք կարողանում գտնել, ոչ էլ սոցիալական աջակցության ծրագրերում ենք ընդգրկված: Մի կերպ յոլա ենք գնում:
Բայց ինձ նաեւ մեր վարկային պատմությունների հետագա ճակատագիրը հանգիստ չի տալիս: Ի՞նչ է լինելու մեր վերջը: Հստակ ոչինչ չեն ասում՝ վարկերը չեղյա՞լ են համարելու, հետաձգելո՞ւ են: Եթե չեղյալ չհամարեն, անելանելի վիճակում ենք հայտնվելու: Բերձորի կարգավիճակը վերջնականապես որոշված չէ՝ ի վերջո, քաղաքը հայկակա՞ն կողմի ենթակայության տակ է, թե՞ ադրբեջանական: Եթե հայկական կողմի, ուրեմն վերադառնալու համար, ինչը մեր երազանքն է, պետք է բնակչության անվտանգության շատ հստակ երաշխիքներ լինեն, ենթակառուցվածքները գործեն, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան: Իսկ եթե վերադառնալ հնարավոր չի լինելու, ինչպե՞ս ենք կարողանալու համ զրոյից նոր տուն-տեղ դնել, համ էլ նախկինում վերցրած վարկերը մարել: Մեզ ոչ Արցախի, ոչ Հայաստանի ղեկավարությունը հստակ ոչ մի պատասխան չի տալիս»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ