ԵՊՀ ուսանողական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ։
Նախ՝ օրենքի նախագծի որոշ դրույթներ ռոտացիոն համակարգի կազմակերպման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանության տեղիք են տալիս, մասնավորապես` օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.
«(…) պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է (…) կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և բակալավրի դեպքում զրկվում է չորս կիսամյակ (մագիստրատուրայի դեպքում՝ երկու կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20 տոկոսով պակաս ունենալու դեպքում (…)»։
Ըստ էության` ռոտացիոն համակարգը վերափոխվում է. ուսանողը, անվճար հիմունքներով ընդունվելով համալսարան, պահում է պետական կրթաթոշակ ստանալու իրավունքը` բացառությամբ այն դեպքի, երբ չորս կիսամյակ անընդմեջ տվյալ ուսանողի ՄՈԳ-ը 16-ից ցածր է լինում (20 բալանոց գնահատման համակարգի դեպքում), ինչը խնդրահարույց է երկու տեսանկյունից:
Կարդացեք նաև
Մի դեպքում ուսանողի ՄՈԳ-ը կարող է երեք կիսամյակ լինել 8, չորրորդ կիսամյակում` 17, սակայն վերջինս կշարունակի պահել անվճար համակարգում սովորելու իրավունքը, եթե ընդունվել է անվճար հիմունքներով` զրկելով ավելի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողին ռոտացիոն համակարգով անվճար սովորելու իրավունքից։ Մյուս դեպքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետներում սովորող ուսանողների ՄՈԳ-ը հաճախ չի գերազանցում 16-ը, ուստի նրանց՝ անվճար համակարգում սովորելու հնարավորությունը դրվում է ռիսկի տակ:
Կարծում ենք` նման կարգավորումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և չի արտացոլում ուսանողների շահերը։
Բացի դրանից` վերոնշյալ նախագծով էապես սահմանափակվում է բուհի գլխավոր շահառուի՝ ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։ Նախատեսվում է, որ 12 անդամից բաղկացած Հոգաբարձուների (Կառավարման) խորհրդում ուսանողները ունենալու են ընդամենը 1 ներկայացուցիչ (ներկայումս` 32 անդամ, որից 8-ը՝ ուսանող), ինչը ուսանողների ներգրավվածությունը դարձնելու է ձևական և ոչ արդյունավետ։ Ավելին, եթե գործող օրենքով հստակ ամրագրված է, որ ուսանողները բուհի կոլեգիալ կառավարման օղակներում ներգրավված են 25% համամասնությամբ, ապա նոր նախագծով հստակ չէ, թե ուսանողները ինչ համամասնությամբ են ներկայացված լինելու բուհի և ֆակուլտետների ակադեմիական (գիտական) խորհուրդներում։
Նախագիծը խնդրահարույց է բուհական ինքնավարության տեսանկյունից, քանի որ Կառավարման խորհուրդների անդամների ուղիղ կեսը նշանակվելու է ԿԳՄՍ նախարարի կողմից, մինչդեռ բուհից ներկայացուցիչները կազմելու են խորհրդի կազմի ընդամենը 42%֊ը։ Ավելին, նախագծում վերջին պահին տեղ է գտել դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, որը հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնավարությանը։
ԵՊՀ գիտական խորհուրդը փետրվարի 22-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ առանց բարձրագույն կրթության և գիտության զարգացման հայեցակարգի` ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծը չի կարող ողջամիտ լինել։ Օրենքի նախագիծը քննարկումների ընթացքում բացասական է գնահատվել և՛ ակադեմիական հանրության, և՛ ուսանողների կողմից, իսկ վերջին օրերին դրա խնդրահարույց կողմերին է անդրադարձել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել խնդրահարույց նախագիծը և սկսել ոլորտի զարգացման հայեցակարգերի շուրջ աշխատանք։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ